Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ — Կներեք ամեն անգամ այս հարցը առաջ տանելու համար։ Պատճառը, որ ես հարցնում եմ Ռուսաստանի սուր արձագանքի մասին, որը ստացվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալուց հետո, այն է որ․․․
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, հարցնեմ՝ ո՞ւմ արձագանքի մասին:
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ես խոսում եմ ռուսաստանցի անանուն պաշտոնյայից իմ կատարած մեջբերման մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, Ձեր մեջբերած աղբյուրը, ռուս պաշտոնյան, անանո՞ւն պաշտոնյա է: Ես ճի՞շտ հասկացա:
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Այո, ՏԱՍՍ-ին տրված մեկնաբանությունն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Բայց կներեք, առավել ևս նույնիսկ հղումը կարող եք չուղարկել, որովհետև չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի համար պատշաճ է անանուն աղբյուրի ասածը մեկնաբանել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչքան անանուն աղբյուր կա: Եթե մենք սկսենք անանուն աղբյուրների…
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Լավ, ես հասկանում եմ։ Բայց ես նկատի ունեմ դա պետական ռուսական լրատվական գործակալություն է, այն որոշակի ուղերձներ է հղում, և այդ ուղերձներն անտեղի չեն հղվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, եթե աղբյուրն անանուն է՝ նշանակում է այնքան վստահ չէ նրա մեջ, ինչ ասում է:
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ — Միգուցե։ Բայց այս սուր հարցերը տալու պատճառը ձեր աշխարհագրությունն է․․․
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես սիրում եմ սուր հարցեր:
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Այսինքն՝ որտե՞ղ է Հայաստանը։ Անկախ նրանից՝ ցանկանում եք, թե ոչ, դուք առնչվում եք Ուկրաինայի պատերազմի հետ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս մեծ առճակատման հետ, դուք նաև սահման ունեք Իրանի հետ, այժմ Իսրայելի ու Գազայի միջև պատերազմ է, որը պարունակում է լայնամասշտաբ իսրայելա-իրանյան պատերազմի վերածվելու ռիսկեր։ Այս ամենն այստեղ՝ Հարավային Կովկասում, ունեն ընդհանուր կետ։ Որքանո՞վ կարող է իրավիճակը վատթարանալ այստեղ։ Մտավախություն ունե՞ք, որ այս փոխկապակցված միջազգային ճգնաժամերը կարող են տարածվել այստեղ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ներողություն եմ խնդրում, Դուք ո՞ր երկրից եք:
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ — Ես Մեծ Բրիտանիայից եմ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, ցավոք, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ եվրոպական բոլոր երկրներում կան շատ խորը մտահոգություններ: Ես մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին, և մենք ինչպես դռնբաց, այնպես էլ դռնփակ ֆորմատներով քննարկումներ ենք անում միջազգային իրադրության վերաբերյալ: Ես այսօր աշխարհում չգիտեմ մի պետություն, համենայնդեպս՝ այն պետությունները, որոնց ղեկավարների հետ ես շփվում եմ, որն իր անվտանգության հետ կապված խորը մտահոգություններ չունենա:
Ես սա ինչի՞ համար եմ ասում: Նախ՝ երկու բան: Ես չեմ ուզում, որ այս զրույցից տպավորություն ստացվի, թե Հայաստանում անվտանգության մարտահրավերներն էականորեն ավելի կրիտիկական են, քան աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Բայց մյուս կողմից՝ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը չի գիտակցում, թե Հայաստանի անվտանգության մարտահրավերներն ինչքան կրիտիկական են: Հասկանո՞ւմ եք:
Տեսեք, ես եվրոպական շատ երկրների ղեկավարների հետ եմ շփվում և ոչ միայն եվրոպական: Բոլոր երկրներում այդ անվտանգային մարտահրավերները կան, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ոչ մեկը չի կարող ասել, թե վաղն առավոտ ինչ տեղի կունենա կամ այսօր գիշեր: Սա է ժամանակակից աշխարհի ամբողջ տրամաբանությունը: Եվ եթե մենք վերցնում ենք նաև գլոբալիզացիան, որ աշխարհը շատ փոքրացել է. տեսեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, Ուկրաինայում ինչ է կատարվում, Իսրայելում ինչ է կատարվում, մեր մոտակա ծովային ավազաններում ինչ է կատարվում և այլն: Որևէ մեկը չի կարող հանգիստ լինել: Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են:
Երկրորդը՝ Ձեր ասած մարտահրավերները. և սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև հիմա և վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսի է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաև գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա: Այս իմաստով, համենայնդեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել: Մինչդեռ բազմաթիվ երկրներ վստահ չեն, որ այդքան ապահով են զգում իրենց:
Ինչի՞ համար եմ ես այսպես արձագանքում Ձեզ: Ես ուզում եմ, որ Դուք ճիշտ հասկանաք. շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ուրիշ տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունն, իմիջիայլոց, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակի վրա, իհարկե, իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այսինքն՝ հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում, ինչը կարծում եմ՝ վատ չէ:
