Այսօր արցախյան առաջին պատերազմի մասնակից, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի ծննդյան օրն է:
Հացպանյանը ծնվել է 1962թ., Թուրքիայում, ֆրանսահայ պոետ եւ հակաֆաշիստ Միսաք Մանուշյանի քրոջ թոռն է: 1980-ականներին նա մեկնել էր Եվրոպա, դարձել Ֆրանսիայի քաղաքացի, ավարտել Սորբոնի համալսարանը: 90-ականների սկզբին նա անդամագրվել է Լեոնիդ Ազգալդյանի հիմնադրած «Ազատագրական բանակին» , մասնակցել Քարվաճառի ազատագրմանը:
Սարգիս Հացպանյանը ակտիվորեն մասնակցում էր նաեւ 2008թ. համաժողովրդական շարժման հանրահավաքներին: Նրան նույն թվականի նոյեմբերի 4-ին կալանավորեցին այն բանից հետո, երբ «Հայկական ժամանակ » օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում: Հացպանյանին ազատ արձակեցին 2011թ. հունիսի 11-ին համաներմամբ: Նա պարբերաբար հանդես էր գալիս տարածաշրջանին վերաբերող վերլուծություններով, հարցազրույցներով, նույնիսկ բանտային տարիներին պարբերաբար հոդվածներ էր հրապարակում մամուլում:
Սարգիս Հացպանյանը մահացավ 2018թ. հունվարի 20-ին, Ֆրանսիայում, երկարատեւ հիվանդությունից հետո:
