Դիսիդենտներ և «ռելոկանտներ»
Խորհրդային դիսիդենտության անհաշտությունը կոմունիստական գաղափարաբանության ու խորհրդային իշխանության հետ բոլորովին էլ չէր նշանակում, որ նրանք՝ ռուս դիսիդենտները (ի տարբերություն, ասենք, հայ կամ ուկրաինացի այլախոհների) ունեին հակակայսերական, հակագաղութատիրական դիրքորոշում: Չէր նշանակում, որ նրանք իմպերիական ինքնության կրողներ չէին: Այս պարադոքսային երկվությունը հին արմատներ ունի, որ հասնում են մինչև Ալեքսանդր Պուշկինի ժամանակները: Ինչպես էր Պուշկինի մոտ զուգակցվում ցարական իշխանության քննադատությունն ու իմպերիական (ինքնա)գիտակցությունը՝ լավ ուսումնասիրված է և հայտնի:
Ինչ վերաբերում է խորհրդային դիսիդենտությանը՝ լավ օրինակ է խորհրդային իշխանության կողմից «դիսիդենտ պոետ» ճանաչված և երկրից արտաքսված Իոսիֆ Բրոդսկին: Շատերի համար անսպասելի, եթե ոչ՝ շոկային էր Բրոդսկու մի բանաստեղծության թողած տպավորությունը, որ լայնորեն տարածվեց ու քննարկվեց ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին: Բանաստեղծությունը գրվել է Խորհրդային միության փլուզումից հետո Ուկրաինայի անկախության հռչակման առիթով՝ 1990-ականների սկզբին և կոպիտ արտահայտությունն է դիսիդենտ բանաստեղծի կայսերական նկրտումների: Նկատենք նաև, որ այդ ժամանակ բանաստեղծն արդեն վաղուց ապրում էր Ամերիկայում (բանաստեղծության հեղինակային ընթերցման տեսանյութը և տեքստը՝ մեկնաբանություններում) Սա նաև հուշում նրանց համար, ովքեր այսօր էլ անկարող են իրարից տարբերել դիսիդենտությունը և հետգաղութային քննադատությունը:
Նման ձևով, չպետք է մտածել, որ Պուտինի իշխանությունը մերժող, ռուսական ներխուժումը դատապարտող «ռելոկանտները» Դոմոդեդովոյի օդանավակայանում, Լարսի անցակետում կամ մեկ այլ տեղ թողել են իրենց՝ գուցե իրենց իսկ համար գաղտնի, բայց անհերքելի, կայսերական ինքնազգացողությունը: Վերջին մոտ երկու տարում Հայաստանում և մասնավորապես Երևանում ձևավորված հայ-ռուսական միջավայրերը այս առումով պարարտ հող են, ռուսական իմպերիականության և հայոց ռուսահպատակության՝ թեկուզ ավելի մեղմ արտաքինի տակ քողարկված, նոր ծլարձակման ու ամրապնդման համար: Չէ՞ որ հարաբերության նոր ձևեր գտնելու համար պահանջվում է լուրջ մտավորական աշխատանք, պահանջվում են խորհրդային ժառանգության նկատմամբ իսկապես քննադատական մոտեցումներ, ինչին պատրաստ չեն ոչ այս, ոչ էլ այն կողմում:
