ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պшշտպանության նախարարության կողմից կա շատ խիստ հրшման՝ չհրահրել որևէ էսկшլացիա, չտրվել սшդրшնքների. վարչապետ

Ադրբեջանական մամուլը երեկ երեկոյան տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվա միջադեպի հատվածում Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հայաստանի Ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ այդ տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել, որովհետև ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների:

Այս մասին Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ դա շատ հստակ ուղերձ էր Հայաստանի կողմից, և Ռազմական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ հստակ ասվում էր, որ եթե այդ փաստն ապացուցվի, դա կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Բայց չնայած դրան, այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, և ինչպես նշեցի, դժբախտաբար չորս զինծառայող սպանվեցին։

Հարցը նույնիսկ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների հրամցրած միջադեպը չէ, որովհետև մենք շատ երկար ու բարդ սահման ունենք և եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով: Ցավոք մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի ԶՈՒ-ի այսօրվա կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ ընդունելով, որ սադրանքի հեղինակն իր զինծառայողներն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում