Փետրվարի 14-ին 12 տարի ընդմիջումից հետո պաշտոնական այցով Եգիպտոս մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ:
Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Կահիրեում, որտեղ նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ իրավիճակը Լիբանանում եւ Սիրիայում։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն, որը նախատեսում է խորացնել երկրների համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում տարածաշրջանի անվտանգության պահպանման, տնտեսության, էներգետիկայի,պաշտպանական արդյունաբերության, ահաբեկչության դեմ պայքարի, բարձր տեխնոլոգիաների մշակման, տեղեկատվության, հաղորդակցության և մի շարք այլ հարցերում։
Եգիպտոսի ու Թուրքիայի միջև կկայանա Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ, որը կգլխավորեն նախագահները։ Նիստերը կանցկացվեն երկու տարին մեկ։
Գործընթացի իրականացման համար Թուրքիայի ու Եգիպտոսի արտգործնախարարները, և ոլորտին առնչվող պաշտոնյաները համաօատասխան հանձնարարականներ են ստացել։
Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները սրված են 2013 թվականից ի վեր, երբ Եգիպտոսի ներկայիս նախագահ, այն ժամանակ՝ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին տապալեց երկրի առաջնորդ Մուհամեդ Մուրսիին, ում աջակցում էր Թուրքիան։ Սկիզբ առած լարվածության արդյունքում 2013-ի աշնանը պաշտոնական Կահիրեն երկրից արտաքսել էր Թուրքիայի դեսպանին։
