Աлիևը, անշուշտ, վախեր ունի, նրա գլխին ամպեր կան կուտակված. կա՞ արդյոք պшտերшզմի վերսկսման հավանականություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս պահին ռազմական էսկալացիայի վտանգը մեծ է, իսկ Ալիևի թիվ մեկ օրակարգը Հայաստանին պարտադրելն է ստորագրել փաստաթուղթ, այն է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրումը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ Ալիևը առավելագույնս շտապողականություն է ցուցաբերում, քանի որ աշխարհում ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում:

«Եվ հնարավոր է, որ գա մի ժամանակահատված, որը նրա համար այլևս հարմար չլինի և նույնիսկ նրա այդ առևտրի առարկան՝ նավթը կամ գազը, այլևս դերակատարություն չունենան: Այս առումով Ալիևը շտապում է և չի էլ թաքցնում իր նկրտումները: Բացեիբաց շանտաժի լեզվով է խոսում, որ եթե Հայաստանը չցանկանա, ապա ուժով կիրականացնեն: Ի դեպ, պետք է ասեմ, որ շանտաժի լեզվով է խոսում նաև Էրդողանը. բոլորովին վերջերս հայտարարություն արեց, որ Հայաստանի և Հունաստանի նկատմամբ կվարվեն այնպես, ինչպես վարվեցին ԼՂ-ի նկատմամբ: Այսինքն, ամեն դեպքում, ուժի կիրառման հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան խաղաղ բանակցային ճանապարհով որևէ բանի հասնելու»,- նկատում է նա:

Ըստ ռազմական փորձագետի՝ Հայաստանն այս փուլում ճիշտ ուղու վրա է, այն առումով, որ աշխարհին ամեն դեպքում փորձում է ցույց տալ՝ հակված է խաղաղության գնալու՝ միևնույն ժամանակ հասկացնելով, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում:

«Իրականում Բաքվի բռնապետն անում է այն, ինչ իրեն ասում է Էրդողանը, նույն բանն էլ անում է Էրդողանը: Եթե ուշադիր լինենք, Էրդողանը նույնպես նույն այն պետությունների վրա է մատ թափ տալիս, որոնց վրա այսօր Ալիևն է մատ թափ տալիս: Բայց սա չպետք է մեզ խանգարի ու կաշկանդի, որ մենք մեր ռազմավարական հարաբերությունները կառուցենք և կարողանանք նոր դաշնակիցներ փնտրել կամ անվտանգային որոշակի համատեղ մեխանիզմներ մշակել այդ բոլոր պետությունների հետ: Չպետք է այն սինդրոմով տառապենք, որ իրենք ում ինչ ուզեն կասեն, Բաքվի բռնապետն անպատժելի է և այլն, չկա նման բան, պարզապես այդ պահին հնարավոր է որոշակի տնտեսական շահերի համընկնում, և երկրները մատ թափ տալու արձագանքը չեն տալիս: Բայց ես վստահ եմ՝ երբ ժամանակը գա, Ադրբեջանի և Թուրքիայի տեղը ցույց կտան»,- հավատացած է նա:

Կարեն Հովհաննիսյանը առավել մանրամասնում է, թե ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում. «Իրականում այս փուլում առնվազն երկու բան պետք է անենք. առաջինը՝ պետք է դիվանագիտական դաշտում փնտրենք մեզ համար կարևոր ռազմավարական գործընկերներ, մեկ, երկուսի վրա հույս դնելը ճակատագրական սխալ կլինի, երկրորդը՝ պետք է կարողանանք բանակը շատ արագ տեմպերով կարգի բերել, այդ թվում՝ զինանոցը, որովհետև, ամեն դեպքում, կարող ենք ունենալ զենք-զինամթերք հավուր պատշաճի, և դա լինի զսպող օղակ»:

Հարցադրմանը՝ արդյոք ունե՞նք այդքան ժամանակ, վերջինս պատասխանում է. «Այս նույն հարցը ինձ տալիս էին նաև երեք տարի առաջ, երբ 2020 թվականին նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց: Այդ ժամանակ էլ ասում էի՝ այո, ժամանակ ունենք, և իսկապես ժամանակ ունեինք, պարզապես մենք այդ ժամանակը չօգտագործեցինք ինչպես պետքն էր, ծախսեցինք ներքին քաղաքականության վրա: Այժմ կրկին ասում եմ՝ ունենք ժամանակ և կարող ենք իրավիճակը բոլորովին այլ ուղղությամբ փոխել»:

Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ Ալիևի գլխին կախված է Լեռնային Ղարաբաղի և տեղահանված բնակչության հարցը:

«Ալիևը սա շատ լավ գիտակցում է, մենք էլ ենք գիտակցում, որ քանի դեռ այս ամենը նոր է, կարող ենք իրեն իր իսկ լարած թակարդը գցել: Դրա համար ժամանակը կհերիքի, եթե կարողանանք այդ ժամանակը ճիշտ օգտագործել, այլ ոչ թե ասենք՝ ունենք ժամանակ, լավ, մի տարի հետո դրանով կզբաղվենք»,- կարծում է նա:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի նախագահը, անշուշտ, վախեր ունի, որոնք երեք տարի ամեն օր ցույց է տալիս՝ խոսելով իր բանակի ուժեղ լինելու մասին. «Պետք է փաստենք, որ 44-օրյա պատերազմում չի հաղթել Ալիևի բանակը, այնտեղ կռվել է թուրքական բանակը, վարձկանները: Առնվազն 4 օր, երբ կռվում էր ադրբեջանական բանակը, հայկական բանակը պատվով կատարում էր իր առջև դրած խնդիրը, երբ արդեն հրամանատարությունն անցավ թուրքական կողմին, այդ ժամանակ նոր իրավիճակը առաջնագծում փոխվեց»:

Իսկ հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակը, Կարեն Հովհաննիսյանի խոսքով, շատ ուղիղ կապ ունի թիկունքի հետ:

«Եթե թիկունքում տրամադրությունները անկումային են, խժդժություններ կան, ապա դա շատ ուղիղ և արագ ազդում է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, իսկ երբ թիկունքից զգացվում է ամրությունը, ուժը, ապա դիրքում կանգնած զինվորը շատ ավելի վստահ է: Բայց պետք է ասեմ, որ մենք չպետք է շեշտը դնենք բարոյահոգեբանական վիճակի վրա, ասենք՝ բարոյահոգեբանական վիճակը շատ լավ է, խնդիր չկա: Իրականում խնդիրներ կլինեն, եթե մենք այդպես մտածենք»,- ասում է Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը վստահ է, որ հայկական բանակը այսօր պատրաստ է դիմակայել Ադրբեջանի սադրանքներին, նույնիսկ՝ էսկալացիայի սրացման դեպքում:

Մեկնաբանելով ՀԱՊԿ-ի այն հայտարարությունը, ըստ որի՝ հայ-ադրբեջանական հակամարտության սրման հավանականությունը մեծ է՝ զրուցակիցն ասում է՝ այդ կառույցը 2020 թվականին մի մեծ քննություն տվեց և չհանձնեց: Հովհաննիսյանի կարծիքով՝ այն այսօր փորձում է Հայաստանում վերականգնել համբավը:

«Իրականում ՀԱՊԿ-ի հայտարարությունները ավելի շատ քաղաքական են, քան անվտանգային, մինչդեռ պետք է այդ հայտարարությունները բոլորովին այլ համատեքստում լինեին: Այս առումով կարող եմ ասել, որ, ցավոք, Հայաստանը տուժում է գերտերությունների՝ աշխարհակարգերի շահերի բախման կիզակետում, սակայն պետք է կարողանանք այստեղից մեր օգուտները քաղել և շատ պարզ ու հստակ հարցնել, ասենք, օրինակ, եթե Ադրբեջանը հարձակվում է ՀՀ-ի վրա, ով ինչ գործողություններ է պատրաստվում իրականացնել, կլինի ՀԱՊԿ-ը, Արևմուտքը, թե Իրանը: Թե չէ ստացվում է դիվանագիտական կրակոցներ են հնչում միայն, երբ գալիս է գործելու ժամանակը, հղում են անում ինչ-որ փաստաթղթերի և այդպես պարտակում իրենց անգործությունը»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Կիսվել սոց․ ցանցերում