Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Բրիտանիայի հետախուզության՝ MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հանդիպումը: Թե ինչ է քննարկվել այդ հանդիպմանը, վարչապետի մամուլի ծառայությունը մանրամասներ չի ներկայացրել: Հարկ է նկատել, որ դա Փաշինյան-Մուր առաջին հանդիպումը չէ: Համենայն դեպս պաշտոնապես ազդարարված առաջին հանդիպումը եղել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Երեւանում: Բրիտանական հետախուզության ղեկավարը Հայաստան էր ժամանել Լաչինի միջանցքի «բնապահպանական» արգելափակումից մի քանի օր անց:
Այդ այցի մանրամասներ էլ հայտնի չեղան, ինչպես որ հայտնի չեղավ, թե արդյո՞ք Մուրը այցելել էր միայն Հայաստան, թե՞ նաեւ Բաքու: Համենայն դեպս, եղել է նախադեպ, երբ ռեգիոն է այցելել հետախուզական ծառայության ղեկավար, որի հայաստանյան մասի վերաբերյալ հայկական կողմը տվել է պաշտոնական հաղորդագրություն, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը՝ ոչ: Այդպիսին էր նույն թվականի ամռանը Կովկաս ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Բըրնսի կատարած այցը: Մյունխենի հանդիպումը թերեւս ուշադրության է արժանանում նաեւ նրանով, որ կարծես թե պետությունների ղեկավարների պրակտիկայում բացակայում է, կամ խիստ հազվադեպ երեւույթ է միջազգային միջոցառումների հարթակներում հետախուզական գաղտնի ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումը:
Հետաքրքիր է, իսկ Մյունխենի համաժողովին մասնակցող Իլհամ Ալիեւը հանդիպե՞լ է Մուրին: Մուրի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը բավական ջերմ է, ինչը հատկապես արտահայտվեց երեք տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Ռիչարդ Մուրը նշանակվելու է բրիտանական հետախուզության ղեկավար: Ադրբեջանական մամուլը ոգեւորությամբ նշում էր, որ Մուրը Թուրքիայում Բրիտանիայի դեսպան աշխատած տարիներին մտերմացել էրդողանի հետ, նաեւ բավականին լավ հարաբերություն ձեւավորել Ալիեւի հետ: Ռիչարդ Մուրը Թուրքիայում դեսպան է եղել 2014-17 թվականներին, իսկ MI6-ի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին:
Անշուշտ, կասկածից վեր է, որ Մուրի գործունեությունը ուղղորդվելու է բրիտանական շահերով, այլ ոչ թե Էրդողանի կամ Ալիեւի հետ ընկերությամբ: Սակայն հարկ է նկատել նաեւ, որ այդօրինակ մակարղակներում ընկերությունները ձեւավորվում են հենց հաշվի առնելով նաեւ պետական շահերը: Հայաստանի շահերն ի՞նչ հարաբերակցությամբ են եղել Փաշինյան-Մուր հանդիպման սեղանին: Դրանցում առաջնային են դիտվել ռեգիոնալ անվտանգությանը, Ադրբեջանի ռազմական հավակնությունների՞ն, թե՞ օրինակ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության կազմավորմանը առնչվող հարցեր ու հարցադրումներ:
