Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած մի շարք մտքեր, ձևակերպումներ ստիպում են ողջամիտ կասկած հայտնել, որ դրանք արվել են ոչ սթափ վիճակում։ Այլապես տպավորություն է, թե գործ ունենք ռուս-ադրբեջանական տանդեմի կողմից հավաքագրված գործակալի հետ, որը հուշում է վերջինիս, թե ինչ և ինչպես պետք է անել, որպեսզի հնարավոր լինի ՀՀ-ից զիջումներ կորզել։
10 տարի երկիրը նախագահի, նախորդիվ էլ պաշտպանության նախարարի կարգավիճակում ղեկավարած, այսպես ասած, որպես «բանակցային առաջնագծում» եղած պաշտոնյա, Սերժ Սարգսյանը փոխարենը հանդես գար թիրախավորված ուղերձով՝ (ուղղված մեր հակառակորդին ու ռազմավարական դաշնակցին) թույլ չտալ ՀՀ-ի վրա որևէ հարձակում, բացառել «ուժի զոռով» հարցերը լուծելու տարբերակը՝ ազդարարեց․ «Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդում տեղի ունեցած իրադարձությունները ունենան կրկնություն, միգուցե տարբեր այլ հատվածներում, որովհետև մենք թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի առանց որևէ բանի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ»։
Հետաքրքիր է՝ ի՞նչ «անոնսի» մասին է խոսքը, վարչապետի ո՞ր ձևակերպումից է Սերժ Սարգսյանը տպավորություն ստացել, որ՝ հրեն հա, հեսա նորից էլի «ինչ-որ բաներ են հանձնվելու»։
Մենք էլ տպավորություն ունենք, որ Սերժ Սարգսյանը տեղյակ լինելով ռուս-ադրբեջանական պլաններին, անոնսում է Ներքին Հանդում տեղի ունեցած գործողությունների կրկնության և այսպիսով ՀՀ-ից «ստանալիքը» ստանալու մասին։
Ի դեպ, խոսելով սահմանադրական փոփոխություններ անելու միջոցով ժամանակ շահելու մասին՝ Սերժ Սարգսյանը հարցը տարավ, հանգեցրեց ՀՀ սահմանների վիճակին՝ վտանգավոր «սիգնալ» ուղարկելով թշնամուն․ «Եթե էս մարդիկ երեքուկես տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա էդ ժամանակը իրենց համար ի՞նչ պիտի լինի, ի՞նչ նորություն պիտի բերի, միգուցե իրենց թվում է, թե ինչ-որ հրա՞շք տեղի կունենա, որ Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի։ Չի՛ կարող էդպիսի բան լինել, որովհետև նորից պիտի կրկնեմ, որ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կոպիտուլացվողի կամքը, և մենք գործ ունենք արդեն մեկը մյուսով փոխարինելու հետ։ Այսինքն՝ այն կամքը, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ-որ կերպ դրանով փորձում են կոմպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազրկությամբ»։
Ինչ է Սերժ Սրագսյանի ասածը՝ «Իլհամ Հեյդարովիչ, ՀՀ սահմանները կահավորված չեն, այսինքն՝ պաշտպանված չեն, ուստի կարող ես հանգիստ «էստի համենալ»՝ չհրաժարվելով քո՝ ՀՀ-ին ներկայացված մաքսիմալիստական պահանջներից։ Եվ իմացած եղիր, որ Նիկոլ Փաշինյանը, որպես «կապիտուլացված» ու «կամազուրկ», քեզ չի դիմադրի։ Եվ ուրեմն՝ «առա՛ջ, Ադրբեջան»»։
Փաստորեն, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փառքը հանգիստ չի տալիս Սերժ Սարգսյանին, և նա էլ որոշեց կրկնել Բագրատյանին, որը, հիշեցնենք, նախքան 2020-ի տավուշյան դեպքերը՝ հունիսին, հայտարարել էր․ «Թող մեկը գա, 10-12 ամիս երկիրը դուրս բերի կորոնավիրուսից և զուգահեռաբար պատրաստվենք, հավանաբար, աշնանը սկսվող պատերազմին…Եթե ես լինեի Ալիևի տեղը՝ 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա, կորոնավիրուսից տառապող երկիր, հնարավոր է, որ հարձակվի ոչ միայն Արցախի վրա, այլև Հայաստանի սահմաններին անհանգստություն լինի»: Բագրատյանի այս հայտարարությանը Ալիևը լսեց և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։
Բագրատյանի «քնարի» հետևորդ Սերժ Սարգսյանը ասվածով չի սահմանափակվել, «մի երկու ստրոչկա» էլ բանակին է նվիրել՝ մասնավորապես՝ Ներքին Հանդում տեղի ունեցածի համատեքստում։ Այն բանակին, որի պաշտպանության նախարարն է եղել տարիներ շարունակ։ «Մեր բանակին պարտադրում են է՛լ ավելի շատ խեղճացած լինել, դա ակնհայտ է։ Երբ որ քո՝ թշնամի ասեմ, հակառակորդ ասեմ, նրա պահանջով դու շատ արագ խոստանում ես, որ հեսա հետաքննություն կիրականացնես և մեղավորներին կգտնես ինչ-որ մի կրակոցի համար, վաղը-մյուս օրը, երբ որ ադրբեջանցիները ճնշեն, ես կարծում եմ, որ մեր զինվորները նույնիսկ ցանկություն էլ չեն ունենալու դիմադրել, որովհետև էդ դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն անցկացնել, պատժել և այլն, և այլն»։
Ասվածը ի՞նչ է, եթե ոչ՝ մարազմ, որը կարող է թանկ արժենալ ՀՀ ազգային անվտանգության վրա։ Թեև պաշտպանության ոլորտը ղեկավարելու պատկառելի փորձին՝ նախկին նախագահը, փաստորեն, կարծում է, որ երբ թշնամին մեղադրում է քեզ հրադադարի ռեժիմի խախտման մեջ, ու դու դրան ի պատասխան, կանխելով հետագա ռազմական էսկալացիան, հայտարարում ես խախտման հետաքննություն իրականացնելու մասին, այսպիսով կոտրում ես բանակի «դուխը» և զինվորի՝ կռվելու, դիմադրելու պատրաստակամությունը։
Նախ հիշեցնենք, թե ինչ էր հայտարարել ՊՆ-ն՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության, թե՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ է արձակվել։
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:
Մասնագիտությամբ բանասեր Սերժ Սարգսյանը, ենթադրում ենք, կարդալ-ընկալելու խնդիր չունի, հետևապես՝ պետք է որ ՊՆ-ի՝ առավել քան պարզ լեզվով գրված հաղորդագրությունը կարդացած և հասկացած լիներ ըստ էության։ Բայց եթե որոշել է մեկնաբանել որպես բանակի մարտական ոգին կոտրելուն ուղղված հայտարարություն, ապա մի հիշեցում նրա կառավարման տարիներից․ 2014-ի նոյեմբերին, երբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռը խոցեց արցախաադրբեջանական սահմանագծին` ուսումնավարժական թռիչքի ժամանակ, ՊՆ-ն նշանակեց ծառայողական քննություն, որի շրջանակներում եղան պաշտոնանկություններ: Այն ժամանակ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «ծառայողական քննության մեջ մեղավորներ փնտրել պետք չէ, քանի որ մեղավորը հակառակորդն է, ծառայողական քննությունը զուտ պրակտիկա է»: Հետաքրքիր է՝ արդյոք նման քննություն նշանակելով և ոմանց պաշտոնանկ անելով Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրի ՊՆ-ն չէ՞ր զբաղվում տարածաշրջանի ամենամարտունակ բանակի ոգին կոտրելով, վերջինիս դիմադրողականությունը խեղել-խաթարելով։
Իսկ արդեն 2015-ին, հիշեցնենք, նախարար Օհանյանը միազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով հրադադարի խախտումներին՝ ազդարարեց․ «ժամանակն է հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմներ ներդնել»։
Հ․ Մանուկյան
https://civic.am/politics/135850-serj-sargsyan.html
