Արման Անդրեասյանն իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերпս Տարոն Անդրեասյանի հուշարձանին (լուսանկար)

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։

Տարոնը Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում են գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել: Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել:

Տարոն Անդրեասյանը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: 5 տարուց ավելի ապրել և աշխատել էր Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 5-ին՝ պատերազմը սկսվելուն պես և շտապել կամավորագրվել՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար։

Տարոնին, իր շտապողականությանը հակառակ, միայն հոկտեմբերի 19-ին էր հաջողվել համազգեստ հագնել, 2 օր անց արդեն ԼՂ-ում էր եղել՝ դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:

Հիշեցնենք՝ Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում համառ պայքարում 7:3 հաշվով հաղթել է վրացի Ակակի Կեմերտելիձեին և կարիերայում առաջին անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Կիսվել սոց․ ցանցերում