Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում անդրադարձավ տարածվող խոսակցություններին, թե Ուկրաինայի նախագահը պաշտոնական այցով մարտին ժամանելու է Հայաստան։
«Ես՝ որպես պատգամավոր ու խմբակցության անդամ, այդ մասին տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդմաները նույնպես։ Այցը անհավանական չեմ համարում»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ Զելենսկու այցը գուցե մտածելու տեղիք կարող է տալ, կարող է և չտալ, ի վերջո, Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, և, ինչպես մնացած երկրների ղեկավարները, որոնց դեպքում արգելք չկա, որ ժամանեն Հայաստան, նույնպես էլ նրա դեպքում է։
Հարցին՝ արդյոք նրա այցը խնդիրների կհանգեցնի՞ հայ-ռուսական հարաբերություններում, Թունյանը նկատեց. «Ըստ էության՝ ամեն ինչի մեջ էլ կարելի է գտնել հակառուսական երանգներ, եթե փնտրում եք, օրինակ, Հռոմի ստատուտի, կամ ցանկացած մեր այլ որոշումների հետ կապված»։
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքելով տարածվող լուրին՝ նշել էին, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է:
