Կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն:
Այս մասին ասված է Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ:
«Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:
Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները:
Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը:
Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով, պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինության քանդման աշխատանքներ է իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։
Քաղաքապետի հրամանով քանդվելու է Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված 8 բնակելի տուն:
Քաղաքացիները դեմ են արտահայտվում իրականացվող աշխատանքներին և բողոքի ակցիա են նախաձեռնել: Ժամանել են ոստիկանական զորքեր և քաղաքապետարանի աշխատակիցներ:
Ավելի վաղ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը։
