Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցը, որում անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հանցանքներին՝ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին։
«Իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում հստակ արձանագրում է, որ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով կազմալուծվել են տեղական կառավարման մարմինները, ինչի հետևանքով Ադրբեջանում տիրող ավտորիտար վարչակարգը հաստատվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ՝ անխզելիորեն հանգեցնելով Լեռնային Ղարաբաղում ազատության վարկանիշի անկմանը։ Եվ այս արձանագրումը բնավ պատահական չէ։
Լեռնային Ղարաբաղում երեք տասնամյակների ընթացքում գործել և զարգացել են ժողովրդավարական ինստիտուտներ, որոնց շնորհիվ անցած երեք տասնամյակների ընթացքում անցկացված բոլոր ընտրություններն անցել են բազմակարծության և խոսքի ու կամքի ազատության գաղափարի շրջանակներում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ թատերականացված ընտրություններով իր պաշտոնավարման երրորդ տասնամյակն է սկսել միջնադարյան ժառանգական տոհմական կառավարման պրակտիկան վերականգնել ցանկացող Ալիև ընտանիքը։
Զեկույցն արձանագրում է, որ Ադրբեջանում խորանում են ավտորիտար բռնաճնշումները, թեև Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթը մեծացրել է գործող նախագահի ժողովրդականությունը։ Այնուհանդերձ Ադրբեջանում ազատության ցուցանիշը վերջին 10 տարիների ընթացքում նվազել է 15 աստիճանով, որը համարվում է աշխարհում խոշորագույն նվազումներից մեկը։
Զեկույցում նաև հստակորեն մատնանշված է, որ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա տեղի ունեցավ Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պայքարում էր առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, դեղորայքի, կենսագործունեության տարրական միջոցների համար։
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև արձանագրում է, որ Ադրբեջանը էթնիկ խտրականության քաղաքականություն է վարում էթնիկ հայերի նկատմամբ 1990-ական թթ․։ Թեև հայերի նկատմամբ էթնիկ խտրականության քաղաքականությունը երբևէ չի կասեցվել, այնուհանդերձ այն չափազանց սուր դրսևորումներ է ստացել 1980-ական թթ․ վերջերից՝ ի դեմս 1988 թ․ Սումգայիթի ջարդերի։ Այնուհանդերձ չափազանց կարևոր է նման արձանագրման առկայությունը, որովհետև այս կերպ հստակ երևում է Ադրբեջանի էթնոֆոբ քաղաքականության շարունակականությունը, ինչը հետևանք է միջազգային հանրության անհամարժեք արձագանքների։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տեսական արձանագրումները։ Սակայն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ տեղի ունեցած հանցավոր գործողությունները կարիք ունենք առավել խորը և գործնական ուսումնասիրման և հասցեական գնահատականների, որոնք թույլ կտան միջազգային հանրությանը կետ առ կետ թիրախավորել ադրբեջանական գործողությունները՝ սկսած պատերազմների բազմակի հրահրումից և հրահրման փորձերից մինչև ազգային-մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացում»,- ասված է անդրադարձում:
