Հունաստանի արտգործնախարարի հայտարարությունը, որ հնարավոր է Ֆրանսիա, Հունաստան, Հայաստան, Հնդկաստան քառակողմ գործակցություն, հալեցրել է Հայաստանում շատերի սրտերը:
Անկասկած, հաճելի է լսել այդպիսի հայտարարություններ, եւ իհարկե ողջախոհ մեկը չի կարող դեմ լինել բազմակողմ գործակցություններին:
Բայց, նաեւ ողջախոհությունը պահանջում է քննել այդօրինակ ցանկացած հայտարարություն, առավել եւս պատվիրանի պարագայում՝ «վախեցեք դանայացիներից՝ ընծա բերող»: Վախենալ անշուշտ պետք չէ, վախը սուբյեկտության լավ ուղեկից չէ, բայց քննել՝ պետք է:
Ֆրանսիային եւ Հունաստանին հետաքրքրում է այսպես ասած «Հարավային միջանցքը»: Անշուշտ, նրանք դեմ չեն լինի, եթե ճանապարհը անցնի նաեւ «Միջին միջանցքով»՝ բայց Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով երթուղով: Բայց, անկասկած նրանք նաեւ լավ են պատկերացնում այդ երթուղու գլխավոր բացը, որն ամենեւին Սյունիքի ճանապարհների հարցը չէ, այլ՝ Սեւծովյան ավազանը: Դրա համար ճակատամարտը՝ բառի բուն, թե պատկերավոր իմաստով, դեռ առջեւում է:
Առավել հավանական է «Հարավային միջանցքի» երթուղին: Հայաստանի դերն այստեղ «Միջին միջանցքի» ստեղծում թույլ չտալն է: Ամբողջ հարցը, առանցքային հարցը այն է, թե Ֆրանսիան, կամ քառակողմ գործակցության մասին խոսող Հունաստանն օրինակ, ի զորու՞ են թույլ չտալ, որ «Հարավային միջանցքի» համար սրվող մրցակցությունը՝ որի համար այսօր ծավալվում է մերձավորարեւելյան պատերազմը, Կովկասը մտցնի «Միջին միջանցքի» համար պատերազմի մեջ: Որովհետեւ, եթե բանը հասավ պատերազմի, ապա բացարձակ անկանխատեսելի են դառնալու պատերազմից դուրս գալու «սխեմաները»:
Հարցերն են կարեւոր, որովհետեւ քաղաքականությունը հարցուպատասխանի, ոչ թե սիրո խոստովանության կատեգորիա է:
