Հայաստանն ընդդեմ որևիցե երկրի, առավել ևս՝ Ռпւսшստանի ոչինչ չի անում․ Հակոբյան

Խոսակցությունները, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողություններ է ձեռնարկում, սադրանք են և իրականության հետ կապ չունեն։

Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

Ըստ նրա՝ ՀՀ-ն անում է ամեն ինչ, որ բոլոր գործընկերների հետ ունենա նորմալ հարաբերություններ. «Որևէ մեկի դեմ չենք էլ կարող աշխատել։ Մենք աշխատում ենք ի նպաստ ՀՀ-ի, և եթե Հայաստանի աշխատանքը որևէ տեղ կարող է ընկալվել ինչ-որ մեկի դեմ, ես սա քաղաքական իրավիճակի ոչ պատշաճ գնահատում եմ համարում։ ՀՀ-ն միջազգային բազմաթիվ գործընկերների հետ ունի համագործակցություն, ունի համագործակցություն ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների հետ և ոչ միայն Մերձարևելյան երկրների, նաև Հնդկաստանի, Իրանի, այլ երկրների հետ», — ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ ՀՀ-ն ՌԴ-ի հետ միևնույն տնտեսական բլոկում է գտնվում, ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է առկա։ Վերջինս շեշտեց՝ կան խրթին հարցեր հայ-ռուսական հարաբերություններում, հնչում են գնահատականներ, որոնց հետ ՀՀ-ն համաձայն չէ, սակայն իրականության մեջ լավ համագործակցում են․ «Հայաստանն ընդդեմ որևիցե երկրի, առավել ևս՝ Ռուսաստանի ոչինչ չի անում, որովհետև մենք մինչև այս պահը համարվում ենք Ռուսաստանի դաշնակից և միևնույն տնտեսական գոտում գտնվող երկիր։ Էն գնահատականը, որ մեր ինչ-որ քայլ ուղղված է Ռուսաստանի դեմ, ուղղակի սադրանք է ու իրականության հետ ոչ մի կապ չունի»։

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի պնդում, որ քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել ՀՀ-ի ինքնիշխան տարածքներից, չեն նստի սեղանի շուրջ, Հակոբյանը պատասխանեց․ «Պնդում անելով շատ հաճախ հարցեր չեն լուծվում, հարցերը լուծվում են բանակցային սեղանի վրա: Մենք մեր գնահատականներում պետք է հնարավորինս զուսպ լինենք, որովհետև արտաքին քաղաքական բանակցությունների մեջ որևէ անզգույշ գնահատական կարող է հետևանք ունենալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանը գործում է մեր պետական շահին համապատասխան, ու որևէ այլ գործողություն մենք չենք իրականացնում»:

Կիսվել սոց․ ցանցերում