Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը լեցուն են 4 գյուղերի և 4 անկլավների, ադրբեջանական հոխորտանքների, հայկական կողմի խիստ չափավոր արձագանքների մասին: Էլ չեմ խոսում՝ ծաղր ու ծանակի մասին:
4 գյուղերի և 4 անկլավների մասին նախկինում՝ մինչև 2020-ի մեր աղետալի պարտությունն ու ստորացումը բազմաթիվ հոդվածներ ու հրապարակումներ ունեմ, իսկ 2017-ին ՍիվիլՆեթում նկարած մեր ֆիլմ ունի կես միլիոնից ավելի դիտում:
Մի քանի նյութ կդնեմ մեկնաբանության բաժնում, այդ թվում՝ ֆիլմը: Եթե հիմա նստեմ ու ամբողջական գրեմ պատմություն, ապա, թեևս, լավագույնը կգրեմ, քանի որ շատ լավ ուսումնասիրել եմ թեման, ինչպես 1918-1920, այնպես էլ՝ 1988-մինչև մեր օրեր: Ավելին, Դովեղ-Երևան իմ 35 տարիների ճանապարհը հարյուրավոր անգամներ անցել է այդ գյուղերով ու անկլավներով:
Այսօր վաղ առավոտյան, ես հիշեցի, որ Սումգայիթից ու մյուս ջարդերից հետո առաջին արյունը թափվել է հենց Բաղանիս-Բաղանիս-Այրում-Ներքին Ոսկեպար-Ոսկեպար հատվածում: Դա 1990-ի ամառն էր և այդ պատմությունը, մեծ հաշվով, չի գրվել:
Այսօր հիշեցի նաև երեք անձնական պատմություն:
Հարազատ մորաքրոջս որդին՝ 40 տարեկան, 1990-ի հունիսին, առևանգվել է Բաղանիս-Այրումում՝ իր մեքենայով: Նա աշխատում էր Բերքաբերի ջրամբարի՝ Մազամ-Գվարզին հատվածում գտնվող պոմպակայանում: ՀՀ այդ տարածքը՝ ավելի քան 1000 հեկտար, ադրբեջանական վերահսկողության տակ է: Մորաքրոջս որդին առաջին պատանդներից էր և նրա մասին մինչև այսօր չկա տեղեկատվություն՝ անհետ կորած:
Իմ համադասարանցի Մարտիկ Գիշյանը՝ 21 տարեկան, սպանվել է 1991թ մայիսին՝ ռուս-ադրբեջանական գրոհի արդյունքում՝ մոտ երկու տասնյակ այլ հայերի հետ՝ Վերին Ոսկեպար-Ոսկեպար հատվածում:
Իմ մյուս համադասարանցին՝ Վահան Զալինյանը՝ 21 տարեկան, զոհվել է 1991-ին կամ 1992-ին՝ Խեյրիմլի-Կիրանց-Ոսկեպար հին ավտոմայրուղու (Իջևան-Նոյեմբերյան) վրա՝ ադրբեջանական դիմահար ռմբահարումից:
Հայաստանն այսօր, ինչպես 1920-ի աշնանը, միայնակ է իր անվտանգային ու պաշտպանական մարտահրավերներում և փնտրում է նոր դաշնակիցներ:
Հայաստանն ապրում է 1991-ից ի վեր ամենաբարդ շրջանը հավանաբար:
Իմաստություն և սթափություն՝ ահա այն ամենը, ինչ մտածում եմ այս պահին:
Թ.Հ.
Դովեղ, 12 մարտի, 2024թ
Լուսանկարում՝ Ոսկեպարի 7-րդ դարի Աստվածածին եկեղեցին, որ Ոսկեպար-Ներքին Ոսկեպար սահմանին է: Լուսանկարն արել եմ 6-7 տարի առաջ
