Իմ առաջարկն է՝ ծնողազուրկ ուսանողների դեպքում Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը լինի անվճար կամ զեղչով. Սինորյան

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը առաջարկում է ծնողազուրկ  ուսանողների համար, Երևանի հանրային տրանսպորտով երթևեկելու դեպքում, ուղեվարձը դարձնել անվճար կամ համապատասխան զեղչով։

Այս մասին ավագանու անդամը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի մարտի 12-ին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ Երևանի ավագանին սահմանել է  Երևանում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը։

Մի քանի արձանագրում՝ տրանսպորտի գինը դրանից ավելի շատ օգտվողների կամ հիմնական շահառուների համար ներկայացնեմ նախագծով առաջարկվող 30-օրյա անսահմանափակ օգտագործման փաթեթի հիման վրա, որն ամենապահանջվածը կլինի այս խմբի համար։ Այս փաթեթի գինը էլեկտրոնային եղանակով ձեռքբերման դեպքում կազմում է 8800 դրամ։ Հանրային տրանսպորտից օրական երկու անգամ օգտվող քաղաքացիների համար սակագինը կկազմի 146 դրամ, իսկ տեղփոխից օգտվող, աշխատանքի կամ այլ զբաղվածության պատճառով հասարակական տրանսպորտից օրական երկու անգամից ավելի օգտվող քաղաքացիների համար գինը կլինի ավելի ցածր, որոշ դեպքերում նաև գործող սակագնից ցածր։

Միասնական տոմսային համակարգը կգործի 2024թ․ սեպտեմբերի 1-ից, երբ տրանսպորտային համակարգը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով։

Հաշվի առնելով հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացումը՝ նախատեսվում և մշակվում է արտոնությունների փաթեթ սոցիալական խոցելի խմբերի համար։

Ես՝ որպես Երևանի ավագանու անդամ, շուրջ մեկ ամիս առաջ գրավոր առաջարկով դիմել եմ Երևանի քաղաքապետ պարոն Ավինյանին՝ արտոնությունների խմբում ներառել միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ՝ 18-27 տարեկան Երևանի բուհերում սովորող ուսանողներին։

Իմ առաջարկն է վերոնշյալ խմբի ուսանողների, Երևանի հանրային տրանսպորտով երթևեկելու դեպքում, ուղեվարձը լինի անվճար կամ համապատասխան զեղչով։

Անելու եմ հնարավորինս՝ իմ լիազորությունների շրջանակում, որ վերոնշյալ սոցիալական խումբը ներառվի արտոնության փաթեթում»:

Ավագանու անդամը  ներկայացրել է նախագծի հիմնավորումը։

 

Հիշեցնենք՝ մարտի 12-ին երկար և բուռն քննարկումներից հետո Երևանի ավագանու 32 անդամի կողմ և 2 դեմ ձայներով ընդունվեց մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի վերաբերյալ լրամշակված նախագիծը։

Այսպիսով՝ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագծով 1 ամիս անսահմանափակ երթևեկելու համար պետք է վճարել 8800 դրամ, երեք ամսվա համար անսահմանափակ երթևեկելու համար՝ 23 հազար 600 դրամ, իսկ մեկ տարի անսահմանափակ երթևեկելու համար՝ 88 հազար դրամ:

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել է՝ արվել է այնպես, որ ով ավելի շատ է օգտվում տրանսպորտից, նրանց համար էժանանա գինը, ով՝ ավելի քիչ, մի փոքր ավելին վճարի:

Կիսվել սոց․ ցանցերում