«Խնդիրն օր օրի ավելի կարգավորվում է այն առումով, որ թե՛ էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե՛ պացիենտները համակարգին սովորում են և ընտելանում»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Արդեն 90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է: Ես հայցում եմ մեր բոլոր քաղաքացիների ներողամտությունը, քանի որ ցանկացած համակարգ ներդնելուց որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե նախկին նախարար Արսեն Թորոսյանը քննադատել է ծրագիրը՝ ասելով՝ դեռևս վաղ էր ներդնել, Ավանեսյանը արձագանքեց. «Կարծում եմ, որ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել, ասել՝ հաջորդ դարերում կլինեն ավելի պատրասված հասարակություններ, տեխնիկաներ, և ոչինչ չանել: Մեր մոտեցումն է, որ մենք մեր նախանշած բարեփոխումները պետք է հստակ ժամկետներով իրականացնենք, և ցանկացած խնդիր, որ պրակտիկ կյանքում առաջ է գալիս՝ լուծելով առաջ գնանք, համակարգը պատրաստ է, բժիշկները պատրաստ են:
Ես բոլոր քննադատություններին ծանոթանում եմ, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները՝ քննադատները, բարձրաձայնեն բոլոր խնդիրները, և մենք տեղեկացված լինենք դրանց մասին»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը էլեկտրոնային դեղատոմսով է իրականացվում. քաղաքացիները բժշկի կողմից նշանակված դեղերը դեղատներից կկարողանան գնել ոչ թե թղթային տարբերակով՝ դեղատոմսերի միջոցով, այլ էլեկտրոնային եղանակով:
