ՀԱՊԿ-ում մենք մեր մասնակցությունը այս պահին որոշակիորեն սառեցրել ենք, պատճառն էլ հայտնի է:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքը և արդյունքները՝ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։
«Գիտեք՝ սա պայմանագիր է և կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա: Սա հարցեր է առաջացնում հայկական կողմում։ Եվ քանի դեռ այս հարցերի պատասխանները չունենք, մեր մասնակցությունը որոշակիորեն սառեցրել ենք»,- նշեց Արարարտ Միրզոյանը։
