Ազգային Ժողովը վավերացրեց Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Սրան անմիջապես արձագանքեց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հայտարարելով, թե Կրեմլը կասկածելի է համարում Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Պեսկովը նաև Ադրբեջանի իշխանությունների համար է խոսնակություն արել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը բավականին բացասաբար է վերաբերվում այս առաքելության գործառույթներին։ «Ես կասկածում եմ, որ նման մանդատը այնտեղ (Ադրբեջանում՝ խմբ․) ըմբռնումով կընդունվի», — ասել է Պուտինի մամուլի խոսնակը։
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում վավերացման փաստը, որը կատարվեց ռուսական սպառնալիքների ներքո՝ դրական փաստ որակեց, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգության երաշխիքներից մեկը տեսնում է հենց ԵՄ դիտորդների գործունեության մեջ։ «Եթե այդ ճնշումներին մենք տեղիք տայինք ու կորցնեինք այդ կարևորագույն գործիքներից մեկը, ապա դրա հետևանքները այս փուլում որևէ այլ կերպ չէինք կարող կոմպեսացնել», — ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ եթե լինի կառավարության կամքն ու իրավիճակով պայմանավորված անհրաժեշտություն՝ պետք է ընդլայնել ԵՄ առաքելության գործառույթը։
Քաղաքագետի կարծիքով՝ ԵՄ դիտորդները երկար կմնան Հայաստանում` ինչպես Վրաստանում, որտեղ ԵՄ դիտորդները տեղակայվել են 2008 թվականից մինչ օրս։
«Դա նշանակում է, որ Հայաստանը ևս կարող է օգտվել ԵՄ-ի շատ կարևոր ծառայությունից, որի համար, ի դեպ, մենք ոչինչ չենք վճարում՝ ի տարբերություն ռուսական ռազմաբազայի, որը Հայաստանի բյուջեի հաշվին է։ Ռուսական ներկայությունն ու ԵՄ ներկայությունը անհամադրելի են, որովհետև ԵՄ դիտորդները, առնվազն, ՀՀ անվտանգության դեմ ուղղված որևէ գործողություն չեն կատարել կամ չեն պլանավորում կատարել»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը։
Միաժամանակ՝ քաղաքագետը ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը համարեց Ադրբեջանին զսպող լուրջ գործոն և նկատեց, որ Ադրբեջանը չպաշտպանված է դիտարկում Հայաստանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ չկան ԵՄ դիտորդներ՝ վկայակոչելով Ներքին Հանդն ու Տավուշի 4 գյուղերի տարածքների հատվածները։
Անդրադառնալով Պեսկովի հայտարարությանը` Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանն անելու է ամեն բան, որպեսզի Հայաստանում մարդիկ համոզվեն, որ ԵՄ դիտորդների ներկայությունն էֆեկտիվ չէ։
«Ադրբեջանը դեռ աշխատում է զերծ մնալ ուղղակի գործողություններից, որովհետև Եվրամիության դիրքորոշումը միանշանակ է, թե ինչ է Ադրբեջանին սպասվում դրանից հետո, ու Ադրբեջանը դեռ կամուկացի մեջ է՝ արժե՞ այդ գինը տալ, թե՞ չէ։ Ռուսաստանի հայտարարությունը «մեջքից հրելու», ոգևորելու միջոց է, թե իբր ԵՄ-ին բանի տեղ չդնես, ես մեջքիդ կանգնած եմ։ Եթե բանի տեղ չդնես, հարվածես, մենք կապացուցենք, որ նրանք էֆեկտիվ չէին, հայ ժողովուրդը կհիասթափվի այդ դիտորդներից, և իրենք կհեռանան։ Տրամաբանությունը այդպիսին է՝ վարկաբեկել, հիասթափություն առաջացնել, որից հետո Հայաստանն ասի՝ գնացեք այստեղից», — ասաց Հովհաննիսյանը։
Երեկ Ազգային Ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հայտարարել էր, թե՝ հայկական 31 գյուղերի տարածքների մեծ մասը օկուպացվել են ԵՄ դիտորդական առաքելության՝ արդեն այստեղ եղած ժամանակ։
«Ինչո՞վ է դա կանխարգելվել, ի՞նչ է արվել, և դուք երաշխիք ունե՞ք, որ վաղը մենք նորից չենք ունենալու նույն իրավիճակը», — հայտարարել էր Վարդանյանը։
Ի դեպ՝ ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց։ Նախագծին կողմ քվեարկեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Մեկնաբանելով Աղվան Վարդանյանի հայտարարությունը՝ Արմեն Հովհաննիսյանը այն կեղծիք որակեց․ «Ե՞րբ են այդ տարածքները օկուպացվել։ Կներեք, փաստորեն կարելի է խաբել նույնիսկ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք ոչ թե 19-րդ դարի վերջին են եղել, այլ երեկ՝ բոլորիս աչքի առաջ»։
Պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի տեսակետին անդրադառնալով էլ, որով Օհանյանը պնդել էր, թե եթե այսօր Հայաստանի Հանրապետությունն ուզենա իր բոլոր ուժերը կենտրոնացնել, մոբիլիզացնել, իր ամբողջ ներուժը օգտագործել, ի վիճակի է Ադրբեջանի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնել՝ ըստ էության նկատի ունենալով, որ ԵՄ դիտորդների ներկայության կարիք կարող է չլինել, Հովհաննիսյանն ասաց, որ ի տարբերություն գեներալ Օհանյանի նա նեղ մասնագետ չէ, բայց, վստահաբար, պետք է ձգտել դրան։
«Բայց դա ամենևին չի նշանակում, որ ԵՄ դիտորդները պետք է հեռանան, որ մենք դրան ձգտենք։ Դա նշանակում է, որ մենք զուգահեռ պետք է մեր պաշտպանական հնարավորությունները զարգացնենք։ Ո՞վ է բան ասում դրան», — ասաց քաղաքագետը։
ԵՄ դիտորդների և ռուս սահմանապահների, ըստ էության, համատեղ ծառայությունը ՀՀ սահմաններին Հովհաննիսյանը միանշանակ ռիսկային որակեց։
«Ընդհանրապես այդ որոշումը, որ ռուսներին պետք է բերել հայ-ադրբեջանական սահման՝ մեր վերջին տարիների ամենավտանգավոր որոշումներից մեկն է, որի հետևանքները մենք տեսնում ենք արդեն։ Մենք դա տեսանք սեպտեմբերյան հարձակման ժամանակ, երբ ռուսները նախօրոք շատ հանգիստ լքեցին դիրքերը՝ իմանալով հարձակման ժամը, օրը, ուղղությունը։ Մենք դա տեսանք Ներքին Հանդում։ Մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանական հարձակումները շատ մանրամասնորեն համաձայնեցվում են ռուսական կողմի հետ՝ բոլոր դետալներով»։
ԵՄ դիտորդների՝ նաև հայ-թուրքական սահմաններին տեղակայվելու հնարավորությանն անդրադառնալով Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ հանգամանքներից, անհրաժեշտությունից ու հնարավորությունից ելնելով պետք է գնալ նաև այդ քայլին։
«Եթե դա հնարավոր է՝ ինչու՞ ոչ։ Եկեք չմոռանանք, որ Թուրքիան ասոցացման պայմանագիր ունի Եվրամիության հետ և որևէ քաղաքական պատճառ չունի հայ-թուրքական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայմանը դեմ լինելուն», — եզրափակեց Հովհաննիսյանը։
Վովա Հակոբյան
