ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան կառույցների հետ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիների և հայերի շրջանում հնարավոր զոհերի և տուժածների հարցով: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից․
«Բոլոր հնարավոր շրջանակների ներգրավմամբ ստուգվում է ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությունը։ Պաշտոնական հաստատման առկայության դեպքում կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ ահաբեկչությունից հետո կա կորած ՀՀ քաղաքացի՝ երիտասարդ մի կին, որի ամուսնուն, ըստ հրապարակված տեղեկատվության, մահացած են գտել «Կրոկուս»-ում:
Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ։
ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվում է մեկ երեխա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Ընդհանուր առմամբ կալանավորվել է ահաբեկչության հետ առնչություն ունեցող 11 մարդ, այդ թվում՝ 4 կատարողները:
Ռուսաստանի նախագահի հրամանագրով մարտի 24-ը հայտարարվել է համազգային սգո օր:
