«Կենդանաբանական այգու աշխատակազմի, Բնապահպանության վարչության, ինչպես նաև Կենդանաբանական այգու խորհրդի համատեղ ջանքերով մշակվել և ստացվել է էսքիզ, որը ընթացքում կլրամշակվի նաև 3D անիմացիաներով»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը:
«Ներկա իրավիճակի վրա համադրվել է մեր ապագա պլանավորած ծրագիրը, որը ներառելու է ինչպես ազատավանդակների, այնպես էլ ընդհանուր առմամբ Կենդանաբանական այգու էկոհամակարգի բարելավում, որն այս աշնանը կսկսենք լայնածավալ ծառատունկով: Կլինեն նոր ճեմուղիներ: Այգին լրացվելու է ևս երկու մուտքով, մեկը՝ ադմինիստրատիվ, մյուսը՝ այցելուների համար նախատեսված՝ Մասիվի կողմից: Հաշվի առնելով ռելիեֆը և ունեցած ձորակը՝ առաջարկում ենք ստանալ նաև ճոպան, որով լրացուցիչ մուտքով հնարավոր կլինի այցելել Կենդանաբանական այգի»,- ասաց Հայկազյանը:
Վերջինս նաև նկատեց՝ Կենդանաբանական այգու ընդլայնումը իրականացվելու է փուլերով՝ հաշվի առնելով հրատապությունը. «Ունենալու ենք նոր կենդանիներ, որոնց համար անհրաժեշտ կլինեն նոր ազատավանդակներ: Լինելու են գոտիավորումներ, լճակներ»:
Երևանի փոխքաղաքապետ, իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանն էլ նշեց՝ սա նշանակում է, որ կենդանիների համար հնարավորինս մեծ տարածություն է լինում, և դա շատ կարևոր է:
