Մեծամորի ատոմակայանի անվտանգային համակարգը բարձր մակարդակի է․ Սոչիի «Սիրիուս» գիտության և արվեստի պարկում անցկացվում է «Ատոմէքսպո 2024» երկօրյա միջազգային ֆորումը։ Միջոցառումն անցկացվում է արդեն 13-րդ անգամ՝ ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ:
«Ատոմէքսպո 2024»-ի հիմնական թեման ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերունդն է։ Հենց այս միջոցառման ժամանակ էլ լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԷԿ-ի տնօրենն անդրադարձել է իր ղեկավարած կայանի աշխատանքներին, բաղադրիչին ու ակնկալվող ներդրումային ծրագրերին։
Մեծամորի ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը։ Ատոմակայանի գործունեության երկարաձգումնմ ըստ մասնագետներիմ պատահական չի լինում։ Փորձագիտական դաշտում վստահ են՝ եթե ՀԱԷԿ-ը չունենար անվտանգոթյան բարձր աստիճան, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) թույլ չէր տա ևս 12 տարի շահագործել այն։ Բայց ատոմակայանի աշխատանքը դադարեցնել կարող է տալիս միայն այն երկիրը, որը տվյալ կայանի սեփականատերն է ՝ հստակեցնում է ՀԱԷԿ-ի գլավոր տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանը՝ արձագանքելով Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական հիստերիային, որը բարձրացվեց օրերս Բրյուսելում անցկացվող Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ․
«Հայաստանը Հայկական ատոմակայանի 100 տոկոս բաժնետեր է։ Այլ պետություններ, որոշակի նեղ նպատակներով, կարող են տարբեր կարծիքներ հայտնել, սակայն այդ կարծիքը պետք է հիմնված լինի փաստաթղթավորված փաստերի և ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների կարծիքի վրա»։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները մեկ անգամ չէ, որ այցելել են Հայաստան, ուսումնասիրել, թե ինչ վիճակում է ՀԱԷԿ-ը։ Դրանց արդյունքներով հիմնավորվել է, որ Հայկական ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգ շահագործման բոլոր չափանիշներին։ Հատկանշանական է, որ վերջին շրջանում վերը նշված երկրների կողմից նման հայտարարությունները պարբերական բնույթ են կրում։
Էդվարդ Մարտիրոսյանն այսպես է արձագանքում դրան․ «Ես չեմ կարծում, որ Թուրքիան կարող է այդ հարցը բարձրացնել, մենք որպես շահագործող կազմակերպություն, և ես, որպես այդ կազմակերպության ղեկավար, չենք կարող շահագործել վտանգ սպառնացող կայան։ Ես միանշանակ ձեզ կարող եմ ասել, որ ցանկացած միջոցառման ուղղությամբ, որը կարող է ինչ-որ տեղ ազդեցություն ունենալ անվտանգության վրա, քայլեր են կատարվում ամբողջ ծավալով և նույնիսկ ավելին»
Մոտ 2,5 տարի տարի ժամանակ կա՝ ատոմակայանի շահագործման ժամկետը ևս տասը տարով երկարաձգելու համար։ Բայց Մեծամորի ատոմակայանը վերազինման համար աշխատանքը դադարեցնում է ամեն տարի։ 45 օրյա այդ դադարները վերանորոգման աշխատանքների համար են նախատեսված։
«Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, նույնիսկ գերազանցել են այն չափորոշիչները` մոդեռնիզացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան»
Եթե դադարը 45 օրից ավելի է, ապա աշխատանքները ուղղվում են գործունեության երկարաձգմանը։ Այդպես՝ ՀԱԷԿ-ը 156 օր չաշխատեց 2021-ին։ Հենց այդ ժամանակ էլ անվտանգության համակարգը ավելի ուժեղացվեց, արդիականացվեց ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը, ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․
«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին»։
Օրակարգում ոչ միայն ատոմակայանի գործող բլոկի երկարաձգման հարցն է, այլև նոր կայանի կառուցումը։ Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն, բացի ՌԴ-ից, առաջարկներ է սպասում նաև Հարավայից Կորեայից, Չինաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ մեծ նախագիծ է, որ պահանջում է բավականին լուրջ ուսումնասիրություն թե՛ էներգետիկ հզորությունների, թե՛ տեղակայման տեղանքի ընտրության առումով։
Այս պահին թե՛ «Ռոսատոմի», թե՛ մյուս պետությունների հետ, որոնք նոր ատոմակայաններ կառուցելու փորձ ունեն, աշխատանքներ ու քննարկումներ են ընթանում, որոնց նպատակն է՝ ստանանլ ժամանակակից ու անվտանգ, գնային առումով էլ մրցունակ կայան կառուցելու առաջարկ։ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցերը քննարկելու համար 2023 թ․ հունիսի 6-ին միջգերատեսչական աշխատանքային խումբ է ձևավորվել։ ՀՀ կառավարության` փետրվարի 8-ի նիստում Փաշինյանը հայտարարեց, որ քննարկում են մոդուլային ատոմակայան կառուցելու հարցը։
«Մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ որ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Ի՞նչ է դա նշանակում: Եթե մոդուլյար ատոմակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, երբ որ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է. բոլոր դեպքերում և առավել ևս միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է»։
Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը ընդգծում է՝ անհրաժեշտ տվյալները նախագծող կազմակերպություններից են ստացել, բայց դա բավարար չէ․
«Իրական տվյալները մեր կողմից դիտարկելու համար անհրաժեշտ է , որ տեսնենք հաշվարկային մոդելները, որ նստած են հաշվարկների մեջ։ Դրանք ամուր շղարշի տակ են, որպեսզի հասանելի դառնան, որոշակի փաստաթղթեր պետք է ստորագրվեն»։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կաշխատի մինչև 2036 թվականը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հստակեցնում է՝ իհարկե, անվտանգությունը կարևոր է, բայց այժմ փորձում են նաև հասկանալ, թե ո՞ր մոդելը ճիշտ կտեղավորվի Հայաստանի էներգետիկ համակարգում։
«Առաջիկա 60 կամ 100 տարվա մեջ մեր էներգետիկ հաշվեկշռի մեջ իր հզորությամբ ճիշտ կաշխատի։ Հաշվի առնելով, որ ինքը մի քանի միլիարդ արժեք ունեցող կառույց է լինելու, կարևոր է, որ ֆինանսավորման մեխանիզմը ճիշտ գտնենք։ Սրանից է բխում երրորդը, թե մենք ինչքան գումար կծախսենք, ու ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ինչքան կլինի։ Այս բոլոր ուղղություններով աշխատում ենք»։
Փորձագիտական դաշտում, սակայն, ընդգծում են՝ Հայաստանի համար քաղաքական ու անվտանգային նշանակություն ունի ոչ թե փոքր, այլ՝ մեծ, մինչև 1200 մեգավատ հզորությամբ ատոմակայան ունենալը։
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյան․ «Ատոմային կայանը, հզոր ատոմակայանը՝ ավանդականը, ոչ պակաս, քան ներկայիս ատոմակայանի հզորությունն է, մեզ համար հավասարապես կարևոր է ինչպես էներգետիկ, այնպես էլ անվտանգության տեսանկյունից։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ, այժմ էլ ասում եմ՝ հզոր ատոմակայանը մեր ավտանգության վահանն է»։
12 տարին քիչ չէ, բայց շատ էլ չէ՝ կողմնորորշվելու, ինչպես նաև նոր ատոմակայան կամ կայաններ ունենալու համար՝ փաստում են մասնագետները։
