Չարենցի ,,Դանթեական առասպելից,, եւ Թումանյանի ,,Հոգեհանգստից,, ու Տերյանի ,,Երկիր Նաիրի,,-ից հետո ո՞ր կիսախելագարն է Եղ եռնի մասին ինչ կամ ինչու գրել

Չե՞ք հոգնել կրկնելուց, որ մեր մշակույթի, ինքնության դեմ պատերազմ է գնում: Իսկ ե՞րբ է, որ այդպես չի եղել: Հինգերորդ դարում հույները եւ ասորիներն էին դեմ, որ մենք գիր ունենանք եւ Աստվածաշունչ թարգմանենք, բայց գիր ստեղծվեց, չէ՞, Աստվածաշունչը թարգմանվեց, չէ՞: Ամեն տեղ եւ ամենուր պատերազմ է՝ տնտեսություն, կոմունիկացիա, կրթություն, գիտություն, մշակույթ, արվեստ, սպորտ: Աշխարհը պատերազմ է: Բա ստեղծեինք, երեսուն տարվա խառնակություններից մի, Հրանտ Մաթեւոսյանի ասած՝ բարձր-բարոյական վեպ ունենայինք, մի երկու-երեք ֆիլմ, չգիտեմ՝ մի սիմֆոնիա, Մարտիրոս Սարյանի ,,Հայաստանի,, նման մի կտավ՝ տանեինք-միջազգային փառատոն, Փարիզում շքեղ ցուցահանդես կազմակերպեինք: Արե՞լ ենք: Չենք արել: Ես չգիտեմ, Չարենցի ,,Դանթեական առասպելից,, եւ Թումանյանի ,,Հոգեհանգստից,, ու Տերյանի ,,Երկիր Նաիրի,,-ից հետո ո՞ր կիսախելագարն է Եղեռնի մասին ինչ կամ ինչու գրել, բայց թուրքերն իրենց այլանդակությունը սրբագրել են Աքրամ Այլիսլիի ,,Քարե երազներ,, վեպով: Այդ էդ մակարդակի գործ, որ Մոսկվայի ,,Դրուժբա նարոդով,, ամսագիրը տպագրեր եւ նախկին խորհրդային տարածքի բոլոր ազգերն ու ցեղերը կարդային՝ մենք ստեղծե՞լ ենք: Խաչիկ Դաշտենցի ,,Ռանչպարների կանչը,, կա, մնալու է, նրանից թռցված մյուս ,,սասունապատում,,-ներն ու՞մ են պետք: Թուրքի խուզարկու հայացքի տակ Պոլսում Զահրատ ենք ունեցել, էդ թռիչքի եւ մտասուզման մի բանաստեղծ Երեւան հայաշունչ քաղաքում ցույց տվեք՝ գլուխ խոնարհեմ: Թե չէ օրիգինալ երեւալու համար ,,է,. օժանդակ բայի տեղ ,,ա,, գրելով պոետ չեն դառնալու: Ի վերջո, փորձեք Շիրազի ,,Հայոց դանթեականը,, ֆրանսերեն թարգմանել: Հինգ տող կարդալուց հետո խեղճ ֆրանսիացին գիրքը կշպրտի: Մշակույթն էլ, այո, պատերազմ է: Բայց ինչպես մարտադաշտում հաղթում է արդիական սպառազինությունը, այդպես էլ մշակույթում շահում է նորը, ժամանակակիցը, թարմը: Ես չեմ ասում, ուղիղ հարյուր տասը տարի առաջ Վահան Տերյանն է ձեւակերպել, որ մեր հայացքը պետք է բարձրացնենք Էջմիածնի ,,խարխուլ գմբեթներից,,: Հայաստանի վանքերն ու եկեղեցիները երեւի զզվել են ամեն նոր նկարչի ձախողված կտավին հայտնվելուց:
Հ.Գ. Հրանտ Մաթեւոսյանը հարցազրույցներից մեկում կանխատեսել է, որ գալիք պատերազմում մարշալների փոխարեն կոմպյուտերներն են կռվելու եւ զգուշացրել, որ մենք մնացել ենք Սասունի լեռներում: Ծանրագույն պարտությունից հետո էլ այնտեղ ենք: Թե չէ հայ հոգեւորականը Տավուշում աշխարհազոր ստեղծելու կոչ չէր անի:
Կիսվել սոց․ ցանցերում