Օգոստոսի 25-ին և 28-ին չեն կայացել Երևան-Կապան չվերթերը, որ պետք է իրականացվեին ըստ հայտարարված՝ վարչապետի մակարդակով ազդարարված Երևան-Կապան կանոնավոր չվերթերի ժամանակացույցի: Չիրականացված երկու չվերթերի համար ներկայացվել են այսպես ասած տեխնիկական բացատրություններ, որոնք սակայն մեղծ ասած հնչում են ոչ այնքան համոզիչ: Ավելին, կան ողջախոհ կասկածներ, որ չվերթերի չկայացման բուն պատճառը Կապանի օդանավակայանի շուրջ անվտանգային միջավայրն է, որ լարված է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հետևանքով: Իսկ այլ կերպ, քան ահաբեկչական գործողություն, դժվար է գնահատել այն կրակոցները և սպառնալիքները, որ Բաքուն հնչեցնում է՝ դեմ արտահայտվելով Կապանի օդանավակայանի շահագործմանը և պահանջելով իր հետ համաձայնեցում:
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ Հայաստանն ունի իր տարածքում ցանկացած օդանավակայան շահագործելու և թռիչքներ իրականացնելու ինքնիշխան իրավունք՝ ըստ միջազգային կանոնակարգերի, իսկ հարևան երկրներին պարզապես տեղյակ է պահում թռիչքների մասին՝ ի գիտություն, առավել ևս, որ Կապանի օդանավակայանին մոտեցող օդանավը չի մտնում Ադրբեջանի տարածք: Սակայն, Բաքուն շարունակում է իր վարքագիծը, գործնականում ինչպես մյուս բոլոր հարցերում, որոնց առավել ցինիկ դրսևորումը Արցախի պաշարումն ու նաև սահմանային անցակետից քաղաքացիների դե ֆակտո առևանգումն է:
Հայաստանը դիմել է ԻԿԱՕ-ին՝ քաղավիացիայի միջազգային կոմիտեին, ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի պահվածքի վրա: Որևէ պատասխան այդ կառույցից կա, թե ոչ, հայտնի չէ: Բայց, թերևս որքան Արցախի հարցում որևէ բան անում է ՄԱԿ Անվտանգոության խորհուրդը կամ այլ կառույցներ, իսկ միջազգային դատարանի որոշումը մնում է թղթի վրա, այդքան էլ թերևս որևէ գործուն դեր հնարավոր է ակնկալել ԻԿԱՈ-ից: Ինչն է Ադրբեջանի գործողությունների մոտիվը, պարզ է, և դրան անդրադարձել եմ դեռևս առաջին կրակոցների առիթով, որոնք հաջորդել էին Հայաստանի վարչապետի՝ Կապանի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո: Ադրբեջանը, օգտվելով ներկայիս համաշխարհային քաոսից, փորձում է օգտագործել իր ուժային գերակշռությունը քաղաքական պայման թելադրելու նպատակով իրացնելու ցանկացած առիթ:
Հայտնի զարգացումների հետևանքով հայտնվելով Կապանի օդանավակայանից ընդամենը տասնյակ մետրերի հեռավորության վրա, Ադրբեջանի զինուժը՝ Բաքվի քաղաքական հրահանգով և ցուցումով, այդ երկրի քաղաքականության համատեքստում օգտագործում է շանտաժի նոր առիթը, որ առաջացել է Կապանի օդանավակայանի շահագործման մասին որոշումից հետո, առավել ևս, երբ այն ազդարարվել է Հայաստանի վարչապետի բարձր մակարդակով: Երբ կայացվել է այդ որոշումն ու արվել ազդարարումը, հաշվարկվե՞ են անվտանգության բոլոր ռիսկերը՝ ֆիզիկականից մինչև քաղաքական: Հաշվարկվե՞լ է այդ ռիսկերի և Կապանի օդանավակայանի շահագործման անհրաժեշտության հարաբերակցությունը, արժե՞ր գնալ այդ ռիսկերին, եթե հետո ստեղծվելու էր իրավիճակ, որը գործնականում մի նոր խնդրահարույց կետ է, առանց այդ էլ գոյություն ունեցող այլ, և առավել բարդ կետերի պարագայում: Ինչու՞ է Ադրբեջանին ընձեռվել քաղաքական շանտաժի նոր առիթը, համարժեք հաշվարկների բացակայությա՞ն հետևանքով, թե՞ հակառակը՝ առայժմ բոլորի համար աննշմարելի հաշվարկի շնորհիվ:
