«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը բավականին հաճախ նամակներ է ստանում սկսնակ գործարարներից իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով, ինչը հաշվի առնելով, Հիմնադրամի ղեկավարության կողմից որոշում կայացվեց ընթացիկ ծրագրերին զուգահեռ կազմակերպել բարեգործական ընթրիք և ստացված ամբողջ հասույթն ուղղել ՀՀ մարզերում գործունեություն ծավալող կին գործարարներին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները տարբեր խորագրերով պարբերական բնույթ են կրելու:
«Այս անգամ նպատակ ունենք աջակցել կանանց՝ ընդլայնելու իրենց արտադրական գործունեությունը, քանի որ բիզնեսի ընդլայնումն անընդհատ ներդրումներ է պահանջում՝ և՛ արտադրական ծավալները մեծացնելու, և՛ մարքեթինգային արշավներ կազմակերպելու տեսակետից»,- նշել է Մկրտչյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ նախատեսվող բարեգործական ընթրիքին կարող են մասնակցել բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ են 1 մլն ՀՀ դրամ հատկացնել սկսնակ կին գործարարների աջակցության նախաձեռնությանը:
«Այս անգամ աջակցություն կտրամադրվի արդեն իսկ գործող բիզնես ծրագրերին, իսկ հաջորդիվ կդիտարկենք նաև գաղափարի փուլում գտնվող ծրագրերի աջակցության հնարավորությունը»,-մանրամասնել է Հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը։
Անդրադառնալով հարցին, թե կա՞ն ոլորտներ, որոնց նախապատվություն կտրվի, Մկրտչյանը պարզաբանել է, որ այդպիսիք չկան։
Նրա խոսքով՝ առաջիկա երկու օրերի ընթացքում կհայտարարվի դրամաշնորհի մասին: Ըստ այդմ՝ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող կին սկսնակ գործարարները կկարողանան ներկայացնել դրամաշնորհային հայտերը, որտեղ պետք է կարճ ներկայացնեն իրենց բիզնեսը և թե ինչպես են նախատեսում ծախսել դրամաշնորհը: Յուրաքանչյուր շահառուին հատկացվելու է 1 մլն դրամ:
Հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ դրամաշնորհին կարող են դիմել արդեն իսկ պետական գրանցում ստացած և գործունեություն սկսած կին գործարարները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
