«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովայի այն հայտարարությանը, թե սուտ է, որ ՀԱՊԿ-ը և Մոսկվան չեն օգնել Հայաստանին տարածաշրջանային սրման ժամանակ։
«Հայտարարություններ եղել են՝ «ամոթ է, Հայաստան և Ադրբեջան, դադարեցրեք կռիվը», եղել է երկկողմանի հայտարարություն։ Ադրբեջանի ակնհայտ հարձակման ժամանակ մեղադրում էին, թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, այն դեպքում, երբ մենք հազիվ պաշտպանվում էինք, իսկ նրանք առաջ էին գալիս, վերջում էլ ասացին՝ մենք տեղյակ չենք, թե ով է ում վրա հարձակվել և տեղյակ չենք, թե որ տարածքում է պատերազմական գործողություններ գնացել, տեղյակ չեն՝ Ջերմուկն ու Սյունիքը, որ տարածքում է»,- ասաց նա:
Վերջինս անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի հայտարարությանը, որով արձագանքել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կառույցը չի հայտնել, թե ո՞րն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։
«Թող ասեն՝ երբ Հայաստանը մտել է կազմակերպության մեջ, ո՞ր սահմաններով են ընդունել։ Հիմա շատ երկար մտածել են ու ինչ-որ պատասխան են տվել, և իրենց պատասխանից երևում է, որ Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ է լինելու։ Սա, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ հայտարարություն է և անընդունելի, որովհետև Հայաստանը ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այդ սահմաններով մտել ենք ՀԱՊԿ, ու հիմա ասում են՝ դուք ինչ սահման եք գծում, ոչ մի սահման էլ չենք գծում, այն, ինչ միջազգայնորեն կա, Սովետական միության քարտեզն ու Ալմաթիում, որը ճանաչել են թե՛ ՌԴ-ն, թե՛ խորհրդային նախկին պետությունները, դա է Հայաստանը։ Բա, լավ, որ Հայաստանը մտնում էր ՀԱՊԿ, այդ պատասխանատվության գոտին ո՞րն էր, միայն Երևա՞նն էր, հա՞, Երևանն են վերցրել պաշտպանության տակ։ ՀԱՊԿ-ն այս կարգի հայտարարություններով այնքան է նվազեցրել իր դերն ու նշանակությունը, որ չարժե անդրադառնալ»,- նկատեց նա:
Այնուհետև Խաչատրյանը պարզաբանեց, թե ինչ է նշանակում դերի նվազեցում․ «Եթե ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգային համակարգ է եղել, բայց դա չի գործում, ու տեսնում ենք, որ չի կարող գործել, միանշանակ մենք այդ անվտանգային համակարգում չենք լինի, թե երբ, ինչ, ոնց, կհայտարարենք, ինչ կանենք, դա այլ է։ Մենք ՀԱՊԿ չենք մտել այլ նպատակների համար, որ ասենք՝ դե ՀԱՊԿ է, մտել ենք՝ մեր անվտանգությունը ապահովելու համար։ Եթե չի ապահովում ու ցանկություն չունի, կասկած ունի մեր սահմանների նկատմամբ, մենք այդ համակարգում լինելու բան չունենք»։
