«Մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ որակի պետություն, հանրություն և կյանք ենք ուզում»:
Այս մասին ապրիլի 4-ի Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն, որ մենք հիմա այստեղ նստած ենք կոստյումով և փողկապով, դա էլ է ստանդարտ, և դա թանկացրել է մեր՝ բոլորիս, կյանքը, որովհետև մենք կարող էինք գալ, հազար ներողություն, չստիկներով, սպարտիվկայով, բայց երբ հանրությունը այդ պատկերը հեռուստատեսությամբ տեսներ, ինչ կմտածեր»,- նկատեց վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծեց. «Երբ հանրությունը, կներեք շատ կոպիտ համեմատության համար, տեսնում է խոզի ջանդակը մայթին փռած վաճառում են, չի ասում՝ «մի րոպե, էս ինչ եք անում», ընդհակառակը, երբ որ մենք ուզում ենք ստանդարտ դնել, ասում են՝ «մի րոպե, այդ խոզի միսը կթանկանա»: Բայց այդ խոզի միսը կթանկանա ինչի հաշվին, ոչ թե նույն միսը կթանկանա, այլ դրա վրա կավելանա անվտանգության կոմպոնենտ, և իրականում տեղի կունենա խնայողություն այն ապագա ռիսկի, որ դու պետք է թունավորվեիր, գնայիր վերակենդանացման բաժանմունքում 3 օր սիստեմայի տակ պառկեիր»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե եվրոպական շուկա արտահանելու թեմա չլիներ, կարող է ասեինք՝ «ստանդարտը մեր ինչին է պետք»:
«Բայց այս հաղորդակցությունը շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ ինչի մասին է խոսքը: Մեր կյանքի ստանդարտի և չափանիշների մասին է խոսքը, և պետք է հասկանանք, որ ցանկացած բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում, այլ բան, որ դրան զուգահեռ պետք է եկամուտներն աճեն»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
