Նախկին ռեժիմի, մասնավորապես ՀՀԿ-ի ագիտպրոպը, ինչպես և սպասվում էր, ապրիլյան պատերազմի տարելիցը վերածեց Սերժ Սարգսյանի «հաղթանակած նախագԱ»-ի վերակերտման օրվա։ Հավատարիմ իրենց «քնարին», իրար հերթ չտալով ու գրեթե նույն բառամթերքով ու ձևակերպումներով ՀՀԿ-ի «մատյան գունդը» շտապեց աղաղակել՝ չորսօրյա մարտական գործողություններում Հայաստանը հաղթել է, Ադրբեջանն էլ չի հասել իր նպատակին։ Այդ նպատակը, ինչպես տարիներ հետո է պարզվում, եղել է Արցախ ներխուժելը։ Այս մարդիկ, փաստորեն, հաղթանակի մասին խեղված պատկերացում ունեն. եթե հաշվի առնենք բանակցային գործընթացի փոխզիջումային տրամաբանությունն ու դրանցից՝ հայկական կողմի «ստանալիքը»՝ ԼՂ կարգավիճակի ճանաչում (Սերժ Սարգսյանն էր, չէ՞, պնդում՝ «ես երբեք հանձնելու մասին չեմ բանակցել, այլ այն մասին, թե ինչ ենք ստանալու»), ապա չորս օր տևած ռազմական գործողությունները ՀՀ-ի հաղթանակ կարելի էր համարել միայն այն դեպքում, եթե հայկական կողմին հաջողվեր իր «ստանալիքը» ստանալու երաշխիքներ ստանալ, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից։
«Ադրբեջանի զինված ուժերը, մեծ զոհերի գնով, 2016թ.-ին չե՛ն հասել իրենց նպատակին: Նույնիսկ ոզնուն է պարզ, որ ամբողջ ծավալով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա նախաձեռնող Ադրբեջանի նպատակը 400 հա տարածք գրավելը չէր, այլ Արցախ ներխուժելը: Եթե կուզեք վերհիշել, ապա Արցախի ՊԲ-ն պատրաստ էր երկու օրում հետ վերադարձնել նաև այդ 400 հեկտարը, սակայն հավանական զոհերից խուսափելու համար որոշվեց 2016թ. ապրիլի 5-ին համաձայնվել ՌԴ ԳՇ միջնորդությամբ և Ադրբեջանի խնդրանքով առաջարկվող ռազմական գործողությունների դադարեցմանը»:
Ձևակերպման հեղինակը ՀՀԿ-ական, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանն է, որը, փաստորեն, կարևոր բացահայտում է անում տարիներ անց, միայն թե կասկած է հարուցում «Ադրբեջանի խնդրանքով» ձևակերպումը, քանի որ իրադարձությունների հետագա զարգացումները Ալիևի՝«խնդրող» կողմ եղած լինելու մասին չէին վկայում։
Ինչևէ։ Վերադառնալով Զաքարյանի վերլուծությանը՝ նկատենք՝ այդպես էլ հասկանալի չի դառնում, նույնիսկ՝ ոզուն, թե այս դեպքում ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը, եթե նույնիսկ 400 հեկտարը (կարգավիճակի մասին խոսելը «վիսշի պիլոտաժ» է) հետ գրավել չի հաջողվել՝ հաշվի առնելով դրա դիմաց վճարվելիք «մարդկային գինը»։ Զաքարյանի և ՀՀԿ-ի համար, փաստորեն, կորուստները նույնացվում են հաղթանակի հետ, եթե խոսք է գնում իրենց օրոք տեղի ունեցած պատերազմի մասին, իսկ մնացած դեպքերում կորուստները հավասարազոր են կապիտուլյացիայի։ Պարոնայք և տիկնայք ՀՀԿ-ականներին պետք է թախանձագին խնդրել՝ ձեռնպահ մնալ «դիշովի պոպուլիզմ»-ի դիմելուց, հայ ժողովրդին ոզնու հետ շփոթելուց։ Ի դեպ, 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թ. օգոստոսի իր հայտնի ասուլիսում ի պատասխան հարցի՝ Ձեզ մեղադրում էին նրանում, որ ապրիլյան պատերազմում կորցրինք 800 հա տարածք, արդյոք սա իսկապե՞ս հաղթանակ էր՝ Սերժ Սարգսյանն արձագանքել էր, թե հաղթանակ ասելով նկատի ունի այն, որ հայկական բանակը կռվել է քանակապես իրեն գերազանցող, «անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի» դեմ։ «Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 000 հեկտար անվտանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտար, այսինքն՝ 0, 1 տոկոսը»,- բացատրել էր նախկին նախագահը՝ միաժամանակ հավելելով՝ «պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը հետ վերցնի, ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին»։
Ի դեպ, նույն ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին անարգանքի սյունին գամեց նոյեմբերի 9-ի հայտարարության «կապիտուլյացիայի» համար, որի ստորագրումը տեղի է ունեցել մի շարք խնդիրներ, հանգամանքներ հաշվի առնելով, մասնավորապես նաև հայ զինվորի կյանքի գինը։ Այդ հայտարարության ստորագրումից հետո իր տեսաուղերձում վարչապետը հանգամանրեն պարզաբանել էր, թե ինչո՞ւ ստորագրվեց «Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ»: «Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն զեկուցում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը:
Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը, և դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետև եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու և պաշտպանական կառույցներ և ամրություններ չունեին, նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը: Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո. պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր շուրջ 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի: Շատերը, ժամանակի տրամաբանության բերումով, հնարավոր է հարց հնչեցնեն, իսկ ինչո՞ւ էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ և ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ: Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիրներ դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:
Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի: Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի, տխրահռչակ փաստաթուղթը և այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է, ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքը ավելի կարևոր էր, կարծում եմ՝ նաև ձեզ համար»:
400 հեկտար տարածքը հետ գրավելու համար զինվորի կյանքը զոհաբերելուն դեմ եղած Սերժ Սարգսյանն ու նրա կուսակիցները, փաստորեն, սրախողխող են անում Նիկոլ Փաշինյանին՝ 40 և ավելի օր պայքարած բանակի 25 հազար զինվորի կյանքը փրկելու, բանակի պաշտպանական շրջանների, բազմաթիվ այլ տարածքների անկումը, և մասնավորապես Ստեփանակերտ թշնամու ներխուժումը կանխելու համար՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ այս մարդիկ ոչ միայն սթափ բանականության, այլև բարոյականության հետ խնդիր ունեն։
Ապրիլյան պատերազմը «հաղթանակ» որակելիս ՀՀԿ-ական քարոզչամեքենայի կիրառած հաջորդ սիրելի և հաճախ տիրաժավորվող թեզը Ալիևի հայտարարությունն է, թե՝ «փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը»։ Կարկառուն ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, ձայնակցելով քառօրյան հաղթանակ համարող իր գործընկերներին, հղում է արել Ալիևի վերոհիշյալ հայտարարությանը։ «2016-ի ապրիլին Ալիևի պլանը տապալվեց։ Մեր բանակը արժանի դաս տվեց թշնամուն, իսկ Ալիևը պատերազմից հետո ասեց, որ «փակ դռների հետևում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- մասնավորպես գրել է ՀՀԿ-ականն իր ֆեյսբուքյան էջում։ Չենք հոգնի հերթական անգամ ազդարարել, որ պարոն Շարմազանովն ու նրա կուսակիցներն իրենց լսարանին պարզապես ապուշի տեղ են դնում՝ միտումնավոր կիսատ ներկայացնելով Ալիևի վերոհիշյալ հայտարարությունը։ Իսկ այն ունի շատ կարևոր համատեքստ ու նույնքան կարևոր շարունակություն. «Արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի, բամբասանքների և վիրավորանքների արշավի նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանությունը, իսկ հանրաքվեն (Ադրբեջանի Սահմանադրության), փառք Աստծու, ցույց տվեց, որ մենք դեռ երկար կլինենք իշխանություն, Ադրբեջանը երբե՛ք չի համաձայնի նման գործարքի գնալ։ Լեռնային Ղարաբաղը մեր պատմական անբաժանելի տարածքն է, և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,- 2016 թ. հոկտեմբերին նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել էր Ալիևը։
Իսկ թե ինչ զարգացումներ հետևեցին Ալիևի այս հայտարարությանը հաջորդող շրջանում, ենթադրում ենք՝ քաջ գիտեն ՀՀԿ-ում։ Տեղի ունեցավ այն, որ Ադրբեջանի նախագահը է՛լ ավելի կարծրացրեց իր դիրքորոշումը բանակցություններում, սահմանային լարվածությունը հասցրեց աննախադեպ բարձր մակարդակի՝ կիրառելով տարբեր զինատեսակներ, ինչը նշանակում է, որ նա ոչ միայն չէր պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը, այլև, ըստ էության, թքած ուներ Մինսկի խմբի համանախագահության անունից «փակ» կամ «բաց» դռների արանքից հանդես եկող միջազգային հանրության կոչերի վրա՝ խնդրի հանգուցալուծումը պատկերացնելով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի շրջանակում։ Իսկ եթե ոչ՝ պատերազմ։
Հեղինե Մանուկյան
