Երևանի նախկին քաղաքապետ, նախկին ՔՊ-ական Հայկ Մարությանը, ինչպես հայտնել ենք, «Նոր ուժ» անունով կուսակցություն է ստեղծել, որի հիմնադիր համագումարի օր է հայտարարվել աշխատավորության օրը՝ մայիսի 1-ը։ Ժանրի (սիթքոմի) կանոնները ենթադրում էին, որ նորահայտ պրոյեկտը պետք է կոչվեր «Կարգին կուսակցություն» և բարդ խնդիրների, մարտահրավերների հումորային լուծումներ առաջարկեր։ Այդ «նիշան», ի դեպ, բաց է ՀՀ քաղաքական դաշտում, փոխարենը շատ են կուսակցության ձևաչափում գործունեություն ծավալող խեղկատակները։ Պետռեգիստրում առայժմ «Նոր ուժ» անունով կուսակցության գրանցման մասին տվյալներ հայտնի չեն։ Ոմանք գուցե հիշեն, որ նույն անունով՝ «Նոր ուժ», 2000-ականներին երիտասարդական ՀԿ էր գործում, որը, սակայն, լուծարվել է։ Ի դեպ, ժամանակին՝ սկսած 1960-ականներից, «Նոր ուժ» անունով կուսակցություն գործում էր Իսպանիայում՝ աջ ծայրահեղական (հետագայում նաև նույնանուն կուսակցություններ սկսեցին բացվել Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և ժամանակակից ՌԴ-ում)։ Այն համարվում էր ֆրանկիստական ընդդիմության հարվածային կառույցներից մեկը և ժամանակի ընթացքում վերաձևափոխվեց եվրոպական «նեոֆաշիստական ինտերնացիոնալի»՝ սերտ հարաբերություններ հաստատեցին իտալական նեոֆաշիստական ահաբեկիչների հետ։ «Նոր ուժի» անունը կապվեց քաղաքական բռնությունների և հարձակումների հետ, այդ թվում նաև՝ 1977 թվականի հունվարի 24-ին Մադրիդի Ատոչ փողոցում ձախակողմյան հայացքներ ունեցող ակտիվիստների սպանության։ Ինչևէ։
Ուսումնասիրելով Մարությանի հիմնած կուսակցության ծրագիրը, որը հրապարակվել է azdarar.am-ում, տպավորություն ստացանք, որ այն գրողները չեն կարողացել զերծ մնալ պոպուլիզմից, անիրատեսությունից, որոշ դրույթներ շարադրել են կենացի ժանրում, որոշ դրույթներ էլ, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս։ Մի քանիսը ներկայացնենք. Ներքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում նշված է՝ «պայքարը կոռուպցիայի և հովանավորչության բոլոր դրսևորումների, մասնավորապես, «էլիտար» կոռուպցիայի դեմ»։ Թե ինչ է կոռուպցիան և ինչպիսի դրսևորումներ այն ունի՝ հասարակությունը շատ թե քիչ տեղեկացված է, իսկ թե ինչ է «էլիտար» կոռուպցիան, ինչպես է այն դրսևորվում՝ մնում է գաղտնիք։ Ծրագիրը գրողներից, թերևս, պետք է ճշտել, թե մասնավորապես ի՞նչ մասնագիտական գրականությունից են օգտվել «կոռուպցիայագիտության» մեջ, փաստորեն, նոր տերմին մտցնելով։ «Էլիտար շենք», «էլիտար թաղամաս», «էլիտար ավտոմեքենա» լսել էինք, լսել էինք նաև, որ «կոռուպցիան պոզով-պոչով չի լինում», բայց այ «էլիտար կոռուպցիայի» մասին, անկեղծ ասած, առաջին անգամ ենք լսում։ Ենթադրում ենք, որ պարոն Մարությանը դրա մասնագետն է կամ էլ առնչվելու փորձ ունի, հետևապես գիտի, թե ինչպես է այն դրսևորվում, ինչ տեսք ունի, այլապես իր կուսակցության ծրագրում դրա մասին հատուկ չէր ընդգծի։
Հաջորդ տարակուսելի կետը վերաբերում է հոգևոր կյանքի մասին գլխին։ Ըստ այդմ. ««Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հարգում է մտքի, խղճի և կրոնի սահմանադրական ազատությունը։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ կերպով կանոնակարգել (սահմանափակել) մարդու կամ մարդկանց խմբի ազատ կամքը խաթարող և/կամ առողջության համար հնարավոր վտանգ պարունակող կրոնական կազմակերպությունների գործունեությունը»։ Այս դրույթի երկրորդ մասը հակասում է առաջին մասին՝ մարդու մտքի, խղճի և կրոնի սահմանադրական ազատությանը, որը, փաստորեն, պարոն Մարությանն ու նրա գաղափարակիցները մտադիր են սահմանափակել, այսինքն՝ հակասահմանադրական գործողության դիմել։ (Նույն տրամաբանությամբ, ասենք, կարող էին գրել, որ խոսքի, արտահայտման որոշ դրսևորումներ, որոնք, ասենք, խաթարում են կամ կարող են խաթարել մարդու առողջությունը, պետք է սահմանափակել։ Բայց, փաստորեն, որոշել են նման պրովոկացիոն ձևակերպում թույլ չտալ)։
Հետաքրքիր է՝ այդ ինչպե՞ս է որոշվելու, թե այսինչ կրոնական կազմակերպությունը մարդու ազատ կամքը խաթարում է և կամ առողջության (ֆիզիկակա՞ն, հոգևո՞ր, թե՞ հոգեկան՝ պարզ չէ) համար վտանգ է պարունակում։ Ստացվում է, որ ՀՀ-ում այսօր կան, գործում են նման կազմակերպություններ, և երբ մարությանենք գան իշխանության, դրանց «հարցերը լուծելու» են։ Նախկին քաղաքապետն ու նրա կուսակիցները ճիշտ կանեին ծրագրում նշեին նման կազմակեպությունների անունները՝ կանխարգելելու իրենց ապագա ընտրողների անդամակցությունը նման վտանգավոր կառույցներին։
Առանձնակի ուշադրության է արժանի կուսակցության՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող գլուխը, որտեղ տեղ գտած մի շարք ձևակեպումներ ընթերցելիս դեժավյու ապրեցինք, մեզ թվաց, թե նման դիտարկումներ, գնահատականներ էլի ենք լսել, գրեթե ամեն օր՝ տեղի ընդդիմության տարբեր ներկայացուցիչների կողմից, շաբաթական երկու անգամ էլ՝ Կրեմլի անունից հանդես եկող պաշտոնյաների։ «Հայաստանը պետք է վարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հնարավորինս լայն կապեր ստեղծել տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում, բացառելով աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմում հայտնվելու հավանականությունը»։ «Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների վարած անհեռատես, չհաշվարկված և վայրիվերո արտաքին քաղաքականության հետևանքով ոչ միայն վերացավ Արցախի հայկական պետականությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը կանգնեց ահռելի անվտանգային մարտահրավերների առաջ՝ խարխլելով Հայաստանի արտաքին քաղաքական վարկը, կրճատելով հնարավորությունների շրջանակը և լուրջ հարված հասցնելով երկրի պաշտպանունակությանը։ Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկրները օգտվում են այս իրավիճակից՝ անընդհատ նորանոր զիջումներ կորզելով ու շարունակելով պահանջել ավելին։ Այս խոցելի իրավիճակից երկիրը կարող է դուրս գալ միայն ճկուն, հավասարակշռված և բանիմաց արտաքին քաղաքականության շնորհիվ՝ որդեգրելով «չկան հավերժ բարեկամներ և թշնամիներ, կան հավերժ շահեր» սկզբունքը»։
«Բրավո, գենիալնո», կասեր սովետական հայտնի ֆիլմի հերոսն ու կպահանջեր այս մտքերը շարադրողին մաքրել դեմքի գրիմը։
Թախանձագին խնդրում ենք նախկին քաղաքապետին կամ նրա թիմի՝ արտաքին քաղաքականությունից «պրոֆի» մասնագետին մեզ բացատրել, թե ինչ է նշանակում «ճկուն, հավասարակշռված և բանիմաց» արտաքին քաղաքականություն, ինչպե՞ս, ո՞ր աստիճանի կամ անկյան տակ ճկվելն է, որ կարելի է համարել «ճկուն», ո՞ր «հավասարությունների» միջև տարուբերվելն է, որ կարելի է համարել «հավասարակշռված», դիվանագիտության քանի՞ դպրոց ավարտելուց հետո է, որ կարելի է համարվել «բանիմաց»։ Վերջին նախադասությունը՝ «չկան հավերժ բարեկամներ և թշնամիներ, կան հավերժ շահեր» սկզբունքի մասին, պարզապես ցնցող է, արժանի «բրավիսիմո»-ի։ Եվ սա հենց այն է, ինչը փորձում է անել ՀՀ գործող իշխանությունը՝ փորձելով հանուն իր շահերի հաշտվել, բարեկամանալ հարևանների հետ՝ նրանց հետ «հավերժ թշնամի» չմնալու համար, և վերանայել հայոց գիտակցության մեջ դարերով արմատացած «հավերժ բարեկամ»-ի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ հանուն ՀՀ-ի հավերժական շահերի։ Բայց արի ու տես, որ Մարությանն ու նրա հետ նույն՝ ընդդիմադիր դաշտում հայտնված քաղաքական ուժերն ու գործիչները գործող իշխանության այս քաղաքականությունը համարում են կործանարար, ՀՀ «արտաքին վարկը խարխլող»՝ շարադրելով այսպիսի անհեթեթ եզրակացություններ իրենց նորածիլ կուսակցությունների ծրագրերում։
ԼՂ խնդրին էլ, ի դեպ, «Նոր ուժ»-ը մեկ ստանդարտ նախադասությամբ է անդրադարձել. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը հիմնվում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքի վրա։ Ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ և էթնիկ զտումների միջոցով հնարավոր չէ չեղարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը դրված է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում»։
Ինչպես ասում են՝ տեղը տեղին, լեգիտիմ արձանագրում է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը հնարավոր չէ չեղարկել, ԼՂ ժողովուրդն էլ, այո, իրավունք ունի ապրել իր պատմական բնօրրանում։ Իսկ թե երբ, ինչ պայմաններում, ինչ կարգավիճակով պետք է նույն այդ ժողովուրդը վերադառնա և իրացնի այդտեղ ապրելու անառարկելի իրավունքը՝ «Նոր ուժ»-ը ոչ մի հին, նոր կամ նորարարական առաջարկ չի անում։ Կենացներ, արդեն հայտնին նորության տեղ սղղացնելու փորձ ու պրիմիտիվ արձանագրումներ։ Մենք էլ կարծում էինք, թե իրեն սոցիալ-ռեֆորմիզմի հետևորդ հռչակած կուսակցությունը գոնե ԼՂ խնդրի կարգավորման հարցում ռեֆորմիստական լուծում առաջարկելով կտարբերվի ՀՀ-ում գործող 110-ը գերազանցող կուսակցություններից։
Հ. Մ.