Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Հուլիսի 22-ին` ժամը 19։00-ին, Դիլիջանում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Green Rock-ի համատեղ բացօթյա համերգը՝ նվիրված Դիլիջանին և դիլիջանցիներին։

Ֆիլհարմոնիկից հայտնում են, որ մշակութային այս յուրահատուկ երեկոն կանցկացվի Դիլիջանի քաղաքային լճի հարևւանությամբ։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը կվայելեն հայ ամենասիրելի կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի ստեղածագործությունները: Համերգի մուտքն ազատ է բոլի համար:

Միջոցառման նպատակն է մշակույթը դարձնել համայնքային կյանքի կարևոր բաղադրիչներից մեկն ու նպաստել Դիլիջանի մշակութային միջավայրի զարգացմանը։

Գրին Ռոքի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի գնահատմամբ՝ կայուն քաղաքային զարգացումը միայն ենթակառուցվածքների և ներդրումների մասին չէ․ այն առաջին հերթին մարդկանց, համայնքների և մշակույթի մասին է։

«Դիլիջանն ունի բացառիկ ներուժ՝ դառնալու տարածաշրջանի կարևորագույն մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոններից մեկը, և Green Rock-ի տեսլականն է աջակցել այդ ճանապարհին՝ ստեղծելով միջավայրեր, որոնք արժեք են ձևավորում քաղաքի և նրա բնակիչների համար։ Մենք ցանկանում ենք, որ Green Rock-ի տարածքները դառնան վայրեր, որտեղ մարդիկ ոչ միայն կաշխատեն, կհանգստանան և կապրեն, այլև կհանդիպեն, կվայելեն արվեստը և կստեղծեն նոր գաղափարներ»։

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է. «Դիլիջանը միշտ եղել է Հայաստանի երաժշտական կարևորագույն կենտրոններից մեկը. պատահական չէ, որ հենց այստեղ է գտնվում Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որը տասնամյակներ շարունակ ոգեշնչման աղբյուր է եղել մեծանուն կոմպոզիտորների համար: Մենք անչափ ուրախ ենք, որ Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Green Rock-ի համագործակցությամբ նպաստում ենք այս հրաշալի ավանդույթների վերականգնմանը՝ Դիլիջանի սրտում հնչեցնելով բարձրարժեք երաժշտություն: Համերգային ծրագրում ընդգրկել ենք Առնո Բաբաջանյանի սիրված երգերը, ինչը նույնպես խորհրդանշական է, քանի որ նա հաճախ է հյուրընկալվել և ստեղծագործել Դիլիջանում։ Բաբաջանյանի երաժշտական ժառանգությունը հայկական մշակույթի անգնահատելի գանձերից է, որն աչքի է ընկնում իր բացառիկ քնարականությամբ, անսահման ջերմությամբ, ժողովրդական ու արդիական հարմոնիաների ու ռիթմերի ինքնատիպ համադրությամբ. այն ապրում է սերունդների սրտում և հիշողության մեջ: Հուսով ենք, որ այս երեկոն դիլիջանցիներին անմոռանալի պահեր կպարգևի»։

Կիսվել սոց․ ցանցերում