Հանրությանը հայտնի Դոգ մականունով Վարդան Ղուկասյանն ու նրա համախոհները որոշել են վեր հանել բանակում տիրող արատները, ցույց տալ, թե ինչպես են սնվում դիրքերում գտնվող մեր զինվորները, առհասարակ՝ ինչ վիճակ է տիրում բանակում։ Այդ առթիվ էլ նրանք հավաք էին հրավիրել։ Նախքան հավաքի մեկնարկը Վարդան Ղուկասյանը հեռախոսով հարցազրույց էր տալիս մի երիտասարդ լրագրողուհու։ Հետո նրա համախոհները սեղանին դրեցին պահածոյի տուփեր՝ առաջարկելով ներկաներին համտեսել եւ իրենց կարծիքը հայտնել սննդի մասին։ Ներկաներն էլ՝ կանայք, տղամարդիկ, համտեսեցին եւ միանշանակ բացասական կարծիք հայտնեցին, թե ինչպես կարելի է զինվորին նման սնունդ տալ։ Ժամանակ առ ժամանակ լսվում էր «թող Անդրանիկ Քոչարյանն էլ համտեսի» արտահայտությունը։ Հավաքի մասնակիցներից ակտիվ էր հատկապես Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որը տակավին վերջերս է միացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ղեկավարած կուսակցությանը։
Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության անդամ Վարդան Հակոբյանից Lragrogh.com-ը հետաքրքրվեց, թե առհասարակ ինչ նպատակ է հետապնդում այդ նախաձեռնությունը։ Վերջինս տեղեկացրեց, որ զինվորների ծնողներն ուղարկել են այն սնունդը, որն ուտում են զինվորները դիրքերում, դրանք որակ չունեն։ Հավաքի նպատակն էլ, ըստ նրա, այն է, որ մասնակիցները հասկանան, թե ինչ համ ու որակ ունեն այդ ուտեստները եւ տան իրենց գնահատականը։ Հետո Վարդան Հակոբյանն ասաց, որ իրենց նպատակը բանակի սննդի որակը բարելավելն է։
Հարցին, թե այդ սնունդը ուղարկել են իշխանություններին, Վարդան Հակոբյանն արձագանքեց․ «Իշխանությունը սրա մասին լավ տեղյակ է, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Պարոն Ղուկասյանը բոլոր ժամանակներում հետաքրքրվել է բանակի հարցով, բոլոր հարցերը բարձրաձայնել է։ Մենք ուզում ենք բարձրաձայնել, որ ողջ հայությունը տեղյակ լինի, մենք առաջարկում ենք, որ մարդիկ տեսնեն ու հասկանան, թե ինչ է կատարվում։ Այստեղ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են, մարդիկ, որոնք հետաքրքրված են բանակի խնդիրներով»։
Սպասենք ու տեսնենք, թե բանակի խնդիրներով մտահոգված անհատներն ուրիշ ինչ նախաձեռնություններով են հանդես գալու։
