Ազգային գաղափարաբանության քննադատության մասին
Սա մի հատված է մոտ տասը տարի առաջ գրված իմ հոդվածից՝ հղումը մեկնաբանություններում. «Թերևս, հասկանալի է, որ ես չեմ ցանկանում ապացուցել, թե Հայաստանը արևելք չէ, այլ որ պետք է հարցականի տակ առնել, կազմաքանդել ուրիշների սահմանած և շատ հայերի համար այդքան հմայիչ Հայաստանն ու հայկականությունը, բուն փոխհարաբերությունը, երբ հայությունը մշտապես ապրում է ռուսական հայացքի ներքո՝ հաճույք ստանալով վերահսկված և գնահատված լինելուց»։
Լսեցի հատվածներ Ազգային ժողովում Հայաստանի վարչապետի ելույթից: Նա խոսում էր մասնավորապես այն մասին, որ հայ ժողովրդի պատմության բովանդակության մեծ մասը ստեղծվել է Խորհրդային միության շրջանում, որ «պետք է դուրս գալ ուրիշների գրած պատմությունից» և այլն (մի անգամ էլ հիշենք պատմության դպրոցական դասագրքի շուրջ առաջ եկած հարայհրոցը, որ ի թիվս այլ բաների ցույց տվեց նաև հայոց պատմագիտական մտքի ողորմերի վիճակը): Փաստն այն է, որ վերջին շրջանում վարչապետը զբաղված է մոտավորապես այն բանով, որ կարելի անվանել ազգային գաղափարաբանության քննադատություն (ինչ հաջողությամբ՝ այլ հարց է), գաղափարաբանություն, որ իսկապես մեծ չափով ժառանգվել է խորհրդային շրջանից: Ոմանք կհիշեն 1990-ականներին հանրապետության առաջին նախագահի մեկնաբանությունները ազգային գաղափարախոսության մասին, բայց հիմա դրան չեմ անդրադառնա, թեև ավելորդ չի լինի համեմատել այս երկու անդրադարձը:
Կարելի է հեգնել վարչապետի ասածները, բայց ցանկության դեպքում դժվար չէ նաև նկատել, որ սա վարչապետի գործը չէ, որ իրեն մատչելի ձևերով նա փորձում է անել այն, ինչ չեն արել կամ լավ չեն արել մտավորականները, գիտնականները, հետազոտողները: Վարչապետի այս միանգամայն սիրողական վերլուծությունը ինձ համար առաջին հերթին նախատինք է ուղղված Հայաստանի հումանիտար-սոցիալական մտքին, նրա՝ ինչ-որ կարևոր առումով հիմնարար ձախողման արձանագրում:
