Գյումրու ավագանու հերթական նիստը՝ օրակարգում 40 հարց, առաջին հատվածում մինչև 18-րդ կետը բարիդրացիական մթնոլորտում ընթացավ:
Համայնքապատկան ՀՈԱԿ-ներին, տարբեր կազմակերպություններին նվիրատվություններ հատկացվեցին, գումարներ կստանան նաև սոցիալապես անապահով համարվող 106 անձ, մայիսյան տոների շահառու ընտանիքները, հրդեհից տուժած մեկ գյումրեցի:
Ավագանին համաձայն եղավ, որ «Անի» փողային նվագախմբի տղաները վերջապես համերգային հագուստ ունենան:
«Եկեք համաձայն լինենք, տղաների համար հագուստ կարենք, որպեսզի չընկնեն «Նվագախմբի տղաները» ֆիլմի հերոսների օրին»,- ասաց քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն ու զեկուցեց, որ խոսքը 39 երաժշտի մասին է:
Յուրաքանչյուրի ամբողջական զգեստի համար կպահանջվի 40 հազար դրամ:
Փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն էլ ավելացրեց, որ կկարվի մի քանի կտորից բաղկացած հագուստ, որը հնարավոր կլինի տարբեր համադրություններով հագնել:
Հայստանի Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին դրամական միջոցներ հատկացնելու հարցը հանվեց օրակարգից:
Ավագանին նաև համաձայն եղավ, որ մանկապարտեզի դաստիարակի աշխատավարձը բարձր չլինի տնօրենի աշխատավարձից: Կողմ քվեարկեցին 57 մանկապարտեզի տնօրենի աշխատավարձը 15 տոկոսով բարձրացնելու նախագծին:
Օրակարգային 18-րդ հարցում վիճաբանություն սկսվեց: Ըստ նախագծի՝ առաջարկվում էր, որ Կումայրի պատմական միջուկում «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամն այսուհետ Ջիվանու փողոց N 66 հասցեի իր շենքին հարակից ճանապարհահատվածի մի մասը կօգտագործի 5 մեքենայի համար որպես վճարովի ավտոկայանատեղի, տարեկան 180 հազար դրամ վարձավճարով: Փողոցի երթևեկությունն էլ դարձվելու է միակողմանի։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն անթույլատրելի համարեց օրակարգ բերված հարցն ու այն որակեց որպես անհարգալից վերաբերմունք Գյումրու, գյումրեցիների և քաղաք այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների նկատմամբ:

Նշենք, որ ոչ միայն հիմնադրամն է այդ հասցեում, այլ նաև Բալասանյան ընտանիքին պատկանող բնակարանն է տարածքում։
«Չեմ կարծում որ արդարացի և խելամիտ որոշում է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մենք խոսում ենք Գյումրու պատմական միջուկի մասին: Այստեղ կարելի էր գրել «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ, ստորակետ՝ Բալասանյանենց ընտանիքին պատկանող տան հարակից հատված:
Ես ակամա հիշեցի Էջմիածնի նախկին քաղաքապետին, ով ուղեփակոցներ էր դրել, և թույլ չէր տալիս, որ իր տան տարածքով մարդ անցներ: Հիմա դուք այդ ճանապարհով եք գնում: Ձեր գործողությունները շատ նման են, դուք պատմական միջուկում փողոց եք փակում:
Առհասարակ, մենք պետք է կենտրոնը բեռնաթափելու քաղաքականություն որդեգրենք, ոչ թե խրախուսենք, որ մեքենաներ կանգնեցվեն, նույնիսկ եթե դա լինի գումարի դիմաց: Ի վերջո, կա հանրային շահ, կա քաղաքի շահ, 180 հազար դրամ տարեկան գումարի դիմաց կարելի է նման որոշում կայացնե՞լ:
Ես զարմանում եմ ձեր տրամաբանության վրա, թե ոնց կարելի է այսքան չհարգել այս քաղաքն ու քաղաքի մարդկանց»,- հայտարարեց Հարությունյանը:
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց, որ նախորդ նիստում նման մեկ այլ որոշում էլ Տիգրան Մեծ փողոցի համար է կայացվել, ինչո՞ւ տիկին Հարությունյանն այն ժամանակ էլ դեմ չի եղել այդ որոշմանը:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը շեշտեց՝ հիմա խնդիր է տեսնում, քանի որ խոսքը պատմական միջուկի մասին է, Տիգրան Մեծը չունի նման կարգավիճակ:
Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ գրություն է ուղարկել Ճանապարհային ոստիկանություն՝ Ջիվանու փողոց N 66 հասցեի լրացուցիչ ուսումնասիրության և եզրակացության համար։
Նշենք, որ նախագծին բացի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից կողմ քվեարկեցին բոլոր խմբակցություններն ու ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը:
