Իրանը հայտարարել է, որ նոր հшրված կհասցնի, եթե Իսրայելը պատասխանի վերջին հшրվածին

Իրանը հայտարարել է, որ նոր հարված կհասցնի, եթե Իսրայելը պատասխանի վերջին հարվածին, փոխանցում է BBC-ն։ Որպես իր հարձակման արդարացում Իրանը հիմնվում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։ Դրանում ասվում է, որ անդամ երկրներն ունեն «զինված հարձակման դեպքում անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության անքակտելի իրավունք»։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հայտարարության մեջ ասվում է, որ «հարցը կարելի է լուծված համարել»։ Սա առիթ է տալիս ենթադրելու, որ Իրանը չի շարունակի հարվածներ հասցնել։ «Սակայն եթե իսրայելական վարչակազմը ևս մեկ սխալ կատարի, Իրանի պատասխանը զգալիորեն ավելի կոշտ կլինի»,-ասված է հայտարարության մեջ։ Իրանցի դիվանագետները նաև հայտարարում են, որ ներկայիս հակամարտությունը գրանցվել է Իրանի ու Իսրայելի միջև ու ԱՄՆ-ից պահանջում են զերծ մնալ ցանկացած միջամտությունից։ Հիշեցնենք, որ Իրանը գիշերը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 ԱԹՍ ու հրթիռ է արձակել, որոնց մեծ մասը, Իսրայելի Պաշտպանության բանակի պնդմամբ՝ ոչնչացվել են։ Հիշեցնենք նաև, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջա Ռահիմին, զոհվել էին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի մոտ ավիահարվածի հետևանքով, որը Թեհրանի պնդմամբ իրականացվել է Իսրայելի կողմից։ Ընդհանուր առմամբ, հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին է պատասխանատու համարում հարձակման համար: Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարվածը «բոլոր միջազգային կոնվենցիաների խախտում է»,- ասել է Աբդոլլահիանը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ չի մեկնաբանում այս հայտարարությունները:

Կիսվել սոց․ ցանցերում