Իրանի հшրձակումը հետ մղելը Իսրայելին արժեցել է 1,3 միլիարդ դոլար

Իրանական հարյուրավոր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը Իսրայելին մեկ գիշերվա ընթացքում արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար:

Այս մասին Ynet պորտալին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինան։

«Չորսից հինգ միլիարդ շեքել (1–1,3 միլիարդ դոլար-խմբ.) մեկ գիշերվա ընթացքում», — լրագրողներին մեկնաբանել է նա Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացման բարձր արժեքի հետ կապված իրավիճակը:

Ամինայի խոսքով՝ այս գումարը զգալիորեն գերազանցում է այն, ինչ Իրանն ինքն է վճարել հարձակման համար։ Այդ իսկ պատճառով Իսրայելի գլխավոր շտաբի նախկին խորհրդականը կոչ է արել մեծացնել երկրի պաշտպանական բյուջեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։

Եվրամիությունը դատապարտել էր Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։  

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ  հայտնել է, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։

Կիսվել սոց․ ցանցերում