12 տարին ավելի քան բավարար ժամանակ էր, որ բոլոր ուսուցիչները ստանան բարձրագույն կրթություն. ԿԳՄՍ նախարար

Միջին մասնագիտական կրթությամբ 1300 ուսուցիչներից ավելի քան 700-ը դիմել են կամավոր ատեստավորման համար ու հաջող արդյունքի դեպքում հնարավորություն կունենան շարունակելու իրենց աշխատանքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանում ուսուցիչների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է նաև, որ ատեստավորման ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին: Բուն ատեստավորման գործընթացը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերին, իսկ հոկտեմբերից պարզ կլինեն արդյունքները:

Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների հետագա գործունեության վերաբերյալ հնարավոր դժգոհություններին, ընդգծել է, որ օրենքի կարգավորումը, ըստ որի մանկավարժը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ընդունվել է դեռ 12 տարի առաջ:

«Որևէ նոր պահանջ չի սահմանվել: Տրվել է որոշակի ժամանակահատված, որպեսզի բոլոր այն ուսուցիչները, որոնք աշխատում են դպրոցում և չեն համապատասխանում այդ պահանջին, ժամանակ ունենան բարձրագույն կրթություն ստանալու: 12 տարին ավելի քան բավարար ժամանակ է ու այդ ընթացքում մեծ թվով ուսուցիչներ արդեն իսկ ստացել են բուհական կրթությունը: Հաշվի առնելով, որ կարող են լինել օբյեկտիվ հանգամանքներ, որոշվեց կատարել ընդառաջ ևս մեկ քայլ` կամավոր ատեստավորման միջոցով մենք հավելյալ հնարավորություն ընձեռեցինք նրանց համար»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Կիսվել սոց․ ցանցերում