«Պատմական Հայաստանը» կառուցվել և արմատացվել է հիմնականում խորհրդային շրջանում, և վերաքննության կարիք ունի թե այդ գաղափարը, թե դրա դերը նոր հայկականության հնարավոր (մրցակից) հղացումների համար

«Երբ մենք մտածում ենք ազգայնականության և ամեն տեսակի էթնիկական ինքնությունների վերածնման մասին ներկայիս Արևելյան Եվրոպայում, կարող ենք հեշտությամբ տեսնել, որ ժողովրդավարության համար վտանգն այս խմբերի փակումն է ամբողջովին կազմավորված ինքնությունների շուրջ, որ կարող է միմիայն ուժեղացնել նրանց ամենահետադիմական միտումները և պայմաններ ստեղծել այլ խմբերի հետ մշտական առճակատման համար: Ընդհակառակը, այս ազգերի միավորումն ավելի լայն միությունների մեջ, ինչպիսին, օրինակ, Եվրամիությունն է, կարող է հիմքեր ստեղծել ժողովրդավարական զարգացման համար, և դա պահանջում է բաժանում ինքն իրենից, ինքն իրենից դուրս ներկայացվելու անհրաժեշտություն` լինելու համար պատշաճ Ես: Ժողովրդավարություն կա միայն այն դեպքում, երբ ընդունվում է տեղաշարժված ինքնության դրական արժեքը: Այստեղ լիովին կիրառելի է Հոմի Բհաբհայի և ուրիշ հեղինակների առաջարկած «հիբրիդացում» տերմինը»:
Է. Լակլաուի այս միտքը բնավ էլ ակնհայտ չէ, մանավանդ հանվելով ընդարձակ քննարկման համատեքստից, բայց դժվար չէ հասկանալ զարգացման նոր հորիզոնով պայմանավորված՝ ինքնության տեղաշարժի անհրաժեշտության մասին նրա պնդումը: Այս առումով՝ Հայաստանի ենթադրյալ եվրոպական հեռանկարը հարկ է հասկանալ որպես նոր հայկականության կառուցման մարտահրավեր: Այս խնդիրը չունի պատրաստի լուծում «հայրենիքը պետությունն է» բանաձևի կամ «պատմական Հայաստան/Հայաստանի հանրապետություն» երկընտրանքի տեսքով:
Այո, այսօր մեզ մատչելի «պատմական Հայաստանը» կառուցվել և արմատացվել է հիմնականում խորհրդային շրջանում, և վերաքննության կարիք ունի թե այդ գաղափարը, թե դրա դերը նոր հայկականության հնարավոր (մրցակից) հղացումների համար: Դուք կասեք՝ պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում ապրող հասարակության համար նման մտահոգությունները շռայլություն են, գուցե նույնիսկ վտանգավոր: Իմ կարծիքը հակառակն է՝ այդ մտավոր աշխատանքը «կամքի լավատեսության» լավ դրսևորում է, որ կարող է հաստատել, թե ապագան մեզ համար ավելին է, քան պարզապես վերապրելու մտահոգություն:
Կիսվել սոց․ ցանցերում