Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող այն տեղեկատվությանը, թե տեղի համայնքապետերը, որոնք ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային խմբում, դժգոհ են Կառավարությունում կայացած հանդիպման արդյունքներից։
Նա նաև անդրադարձավ Կիրանց վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի մասին լուրերին։
«Չեմ կիսում այն կարծիքը, թե համայնքապետերը դժգոհ են։ Չեմ լսել նաև, որ Կիրանցի համայնքապետը նման բան է ասել։ Ես չեմ պնդում, ես գիտեմ, որ տենց բան չկա։ Չեմ լսել, որ չեն ուզում մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ճիշտ է միայն, որ երեկվա հանդիպումից հետո համայնքի ղեկավարները գոհ չեն․ «Չեն կարող գոհ մնալ, քանի որ ոչ մի երաշխիք չի տրվել, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպվելու, ասվել է, որ հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկով պետք է հարցերը առաջ տարվեն»։
Մարզպետը նկատեց՝ մարդկանց բացատրվում է, թե ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե բնակիչների տները հանձնվելու են թշնամուն, Ղալումյանը պատասխանեց․ «Մենք տուն չենք տալիս թշնամուն։ Սահմանը չենք գծել, դա գծելու է հանձնաժողովը, բայց դեռ չի գծել»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նաև վարչական ղեկավարներ և բնակիչներ Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս և Բերքաբեր բնակավայրերից։
Երեկ Տավուշի բնակիչները ու տեղի համայնքների ղեկավարները հանդիպում են ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ։
