«Նողկալի տեսանյութ հայտնվեց համացանցում, թե ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին ու դստերը թույլ չեն տալիս ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ շարունակելով.
«Ձեր արարքով հպարտացող, մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվող ու ծնողներին «թուրք, դավաճան…» գոռացողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը, մի՞թե ձեր սեփականությունն է Ծիծեռնակաբերդը, ինչպես սեփականությունն էր Եռաբլուրը: Այսքանով սահմանափակվեմ… զորակցությունս ձեզ, Աննա Հակոբյան»:
Ինչպես հայտնել ենք, Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք էին դրսևորել:
Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել էին վիրավորող արտահայտություններ հնչեցնել:
