Երբ հարցնում են, թե բա «ձեզ թվում է, թե Ռուսաստանն այդքան հեշտ կգնա՞ այս տարածաշրջանից», կամ ասում են, թե «գնալուց հետո էլ ամեն ինչ կանի, որ վերադառնա»՝ հանդիպակաց հարց եմ ուզում տալ․ իսկ Ռուսաստանը ուզելով գնա՞ց, ասենք, Արեւելյան Գերմանիայից, Լեհաստանից, Չեխիայից եւ Սլովակիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից, իսկ մեկ դար առաջ՝ Ֆինլանդիայից։ Իհարկե, ո՛չ։ Բայց հեռացավ։
Հիմա, ինչ վերաբերվում է ռուսների վերադառնալուն։ Իհարկե, եթե փոքր ինչ հնարավորություն տեսան՝ զորքով-զրահով կգան «փրկելու» (կարեւոր էր՝ ինչից, մի բան կգտնեն)։
Օրինակ, Լեհաստանից Ռուսաստանը գնաց 1918-ին, սակայն 1920-ին «կարմիր» ռուսները որոշեցին Լեհաստանն «ազատագրել», այնպես, ինչպես ստորաբար «ազատագրեցին» Հայաստանը նույն 1920-ին։ Կամ ինչպես հիմա են որոշել «ազատագրել» Ուկրաինան։ Սակայն, տեղի ունեցավ «Հրաշք Վիսլայի վրա», այնպես, ինչպես հիմա՝ «Հրաշք Դնեպրի վրա»։ Ռուսական ցինիզմին բնորոշ՝ «կարմիրները» զորահրամանատար էին կարգել ազգությամբ լեհ Տուխաչեւսկիին, որ պետք է «ազատագրեր իր պապերի հայրենիքը» (կասյանների-աթարբեկյանների-ղուկասղուկասյանների նման)։ Դե, չեկիստ-ազգուրաց (ինչպես բոլոր չեկիստները) Ձերժինսկին էլ էր լեհ․․․ Սակայն, Պիլսուդսկու Լեհաստանը խայտառակ ջարդ տվեց ռուսներին։ Բայց ռուսները վերադարձան, ցավոք, 19 տարի անց՝ 1939-ին, Հիտլերի հետ համատեղ «ազատագրելու»։ 1945-ից հետո Լեհաստանը (վեց միլիոն զոհ կրած․․․) դարձրեցին վասալ պետություն, ինչպես հիմա Բելառուսն է՝ իր բռնապետով։ 1980-ից լեհերը պայքարել են «եղբայրական» ատելի լծի դեմ։ Իսկ սովետի սատկելուց հետո արձանագրեցին Ազատության հաղթանակը եւ կուրս վերցրեցին դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ, որպեսզի Ռուսաստանն ԱՅԼԵՒՍ ՉՎԵՐԱԴԱՌՆԱ։
Նույնը՝ Արեւելյան Եվրոպայի ցանկացած երկիր, որն եղել է Կրեմլի «եղբայրական» ճիրաններում, ունենալով խիստ տարբեր պատմական հետագիծ ռուսների հետ հարաբերություններում (սկսած բուլղարացիների եւ չեխերի պատմական ռուսասիրությունից, վերջացած ռումինացիների եւ հունգարացիների արհամարանքով եւ լեհերի՝ ուղղակի թշնամանքով, միանգամայն հիմնավորված) որոշեցին․ այլեւս երբե՛ք, ոչ մի ընդհանրություն այդ տափաստանային հորդայի հետ։ Եվ, պատկերացրեք, ստացվեց։
Միտքը շարունակեք, որպեսզի երկար-բարակ չգրեմ։ Հետեւություններն էլ թողնում եմ ձեզ։
