Գյումրու բուն միջուկում ոտքի վրա մեռած ու թաղված չէ «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի առավել հայտնի՝ «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբով պատմական շենքը։
Հայաստանի Հանրապետությունը քանի՜ մշակույթի նախարար է ունեցել, նույնքան էլ այս կառույցի համար վերականգնման ծրագիր է մշակվել։ Հասկանալի է՝ սևով սպիտակի վրա գրվածի ոգևորությունը մինչև թանաքի չորանալն է ձգվել:
Հավանաբար բացառություն է Ժաննա Անդրեասյանը, քանի որ մինչ այս պահը նրա ղեկավարած կառույցը «Վառեմ-մարեմ»-ի շուրջբոլորը դեռ չի երևացել։
Աբովենց տունը կամ «Վառեմ-մարեմ»-ի բալկոնը
1860-ականներին է ներկայիս Աճեմյան 2 հասցեում գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցը կառուցել իր տունը։ Այն հետագայում համալրվել է այլ կառույցներով՝ ցարական Ռուսաստանի բանակի կապի հանգույցն է կառուցվել, որն Ալեքսանդրապոլի համար դարձել է միակ փոստային բաժանմունքը։
1985 թվականին այս տանը նկարահանվել են Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի դրվագները։ Ֆիլմից հետո գյումրեցին Աբովենց տունը կոչել է «Վառեմ-մարեմ»-ի բալկոն, որտեղից Սիրանուշը (Գալյա Նովենց) ի լուր Ռուբենի (Մհեր Մկրտչյան) հայտարարել է՝ «Լույսը վառել եմ ու բդի վառեմ ու ըսորից հետո բդի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ»։
Ովքեր փորձեցին Սիրանուշի տան լույսը վառ պահել
1988-ի երկրաշարժից հետո այս տանը բնակություն հաստատեցին անօթևան գյումրեցիները, ապրեցին՝ ինչքան սրտերը կամեցավ, կառույցի հետ վարվեցին վարձակալի, մի օր գնացողի մոտեցմամբ, հետո քիչ-քիչ հեռացան. կա՛մ բնակարաններ ստացան, կա՛մ գնեցին, կա՛մ Գյումրին լքեցին։
Սիրանուշի տունը մնաց դատարկ, հետո՝ անդուռ ու անլուսամուտ. օրերն անցան, նաև տանիքը կիսափուլ եղավ։ Շենքը սկսեց քայքայվել, ինքնափլուզվել։ Մշակութային մայրաքաղաքում պատմական կառույցն անտերության մատնվեց, դարձավ աղբանոց, շների ու թափառական մարդկանց՝ պատսպարվելու անկյուն, շատերի համար՝ զուգարան, ոմանց համար էլ՝ հնարավոր շինանյութ թռցնելու վայր։

2017-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Գյումրի գնաց շենքի վերականգնման վիրտուալ նախագծով, համաձայն որի՝ շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ էին լինելու, երկրորդ հարկում սենյակ էր հատկացվելու Գյումրու պատկերասրահին և երկրագիտական թանգարանին: Իսկ շենքի այն հատվածը, որը տարիներ առաջ գործել էր որպես Ցարական Ռուսաստանի փոստատուն, նպատակ կար դարձնել փոստի թանգարան:
Ամիրյանը գնաց, նախագիծը մոռացվեց։ Առաջարկ եղավ վերականգնել միայն շենքի պատշգամբը, որը այդ տարիների Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը համարեց աննպատակահարմար:
Ամբողջական նյութը՝
