Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռևս որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել այդ առաջարկին։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում։
«Որքան տեղյակ եմ՝ հանդիպման ամսաթիվ դեռևս որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի տվել համաձայնություն, բայց ակնկալում ենք, որ այդ բանակցությունները կկայանան»,- ասել է Բակաևը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ապրիլի 29–ին հաստատել էր, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում։
2 երկրի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում հանդիպման մասին տեղեկությունն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մինչ այդ էլ՝ ապրիլի 26-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։
