Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Բազմագույն ու հնարավոր ամեն սանտիմետրն արդեն վաղեմության ժամկետը հատած Գյումրու թիվ 22 համարի երթուղին վերջապես նոր փոխադրամիջոց կունենա։

Թեև Գյումրու ավագանու վերջին նիստում հայտարարվեց, որ ձեռք է բերվել 15 նոր ավտոբուս, սակայն դրանք իրականում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ են, ինչպիսիք դրանից առաջ գնված և մյուս երթուղիների սպասարկումն իրականացնող մեքենաներն են։

Բոլորը ձեռք են բերվել սուբվենցիոն ծրագրով. 55 տոկոսը քաղաքապետարանի մասնաբաժինն է, մնացածը՝ պետության։

Թիվ 22-ը քաղաքի 7 երթուղիներից ամենածանրաբեռնված է և երկարը, որը մինչ օրս սպասարկում է մասնավոր ընկերություն՝ «Նյու սիթի տրանս»-ը:

Ինչո՞ւ մինչ օրս այս ուղեգիծը չի սպասարկում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն:

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ այն բավական եկամտաբեր է, հետո էլ՝ գծատեր կա։ Այս ուղեգծի երթուղայինները գրեթե միշտ գերծանրաբեռնված են՝ անկախ հանգամանքից, որ փոխադրամիջոցների հիմնական մասը խոտան կարելի է համարել։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ պայմանագիր գոյություն ունի, որի ժամկետը միայն այս տարի ու հենց հիմա է լրացել։

Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ մասնավորի հետ նոր պայմանագիր չեն կնքի, հնի ժամկետն էլ չեն երկարացնի։ Այս կերպ թիվ 22 համարի երթուղին ևս կդառնա համայնքապատկան։

«Իրենց հետ իմաստ չունի նոր պայմանագիր կնքելը, քանի որ բոլոր երթուղիները սպասարկելու է Գյումրու համայնքապետարանը։ Համաձայնեցնելու խնդիր չկա, պայմանագրային աշխատանք է, լրացել է։ Իրենց ունեցած միկրոավտոբուսների տարեթիվն էլ էր հնացել, սպասարկումը ոչ պիտանի էր»,- ասում է Ջանոյանը:

Նոր մեքենաները երթուղի դուրս կգան մայիսի 1-ից։ 15-ը բավարա՞ր է, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։

«Հնարավորինս կարողանանք ապահովել երթուղին։ 22-ը ծանր գիծ է, եթե տեսանք, որ 15 միկրոավտոբուսները չեն բավականացնում, կփորձենք այլ տարբերակ  իրականացնել»,- վստահեցնում է Ջանոյանը։

Ովքե՞ր են լինելու նոր երթուղայինների վարորդները

Գյումրու գրեթե բոլոր երթուղայինների, թիվ 22-ի վարորդներն առավել ևս աչքի են ընկնում ոչ սովորական վարքագծով։ Ղեկին ծխելն ու հեռախոսով խոսելն օրինաչափություն է, ուղևորների հետ վեճ-վիճաբանությունը վաղուց սովորական երևույթ է դարձել։

Կրկին նրա՞նք են աշխատելու, թե՞ նոր վարորդներ կան՝ հարցին, Ջանոյանը պատասխանում է՝ այդ վարորդներն էլ կարող են լինել. «Հավաքագրումը արդեն արված է, բայց կարող է նույնիսկ այդ վարորդներից էլ հերթագրվեն՝ փորձնական աշխատանքի համար։ Նույնիսկ պետք է փոխարինող վարորդներ ունենանք սպասարկումը լիարժեք կազմակերպելու համար»։

Ինչո՞ւ են մյուս երթուղայինների վարորդներն ընթացքի պահին անընդհատ անհանգիստ, ի՞նչ հաշվարկ են անում, և ի՞նչ պլան կա, որ չեն կատարում՝ հարցին, Ջանոյանն արձագանքում է՝ նման խնդրից տեղյակ չէ։

Երթևեկողները, սակայն, կարող են փաստել, որ վարորդների հեռախոսազրույցներից պարզ է դառնում՝ նրանք օրվա ավարտին ինչ-որ X գումար չապահովելու խնդիրներ ունեն։ Եթե քիչ ուղևոր են ունենում, վիճակներն առավել է բարդանում։

Հարցին՝ կա՞ որևէ ստվերային գործունեություն, կամ մեկը, ում վարորդները որոշակի գումար են տալիս իրենց օրն ավարտելիս, Ջանոյան նշում է, որ չի կարող հարցին պատասխանել։

«Չեմ կարող ասել, մենք շատ հետևողական ենք, որ նման բաները բացառվեն, եթե եղել են։ Դրամ ընդունիչ սարքերը դրվել են, թիվ կամ նման բան գոյություն չունի, ինչքան մարդիկ օգտվեցին, էդքան գումար է հավաքվում, օրվա վերջում գումարը հանձնվում է ՓԲԸ աշխատակցին»,- ասում է փոխքաղաքապետը։

Հանրային տրանսպորտը Գյումրիում գուցե ունի ամրագրված հստակ ժամանակացույց, սակայն շեղումներ՝ որքան ուզեք։ Հատկապես երեկոյան ժամերին և հանգստյան օրերին պետք է ապավինել սեփական ոտքերին կամ տաքսի ծառայություններին:

Սուրեն Ջանոյանն ասում է՝ կախված է ժողովրդի թվից, եթե քիչ են լինում, բնականաբար, մեքենաների քանակն էլ է քչանում:

«Ամռանը կարելի է մի փոքր երկարացնել, քանի որ զբոսաշրջության շրջանն է սկսվում»,- ասում է փոխքաղաքապետն ու նշում՝ խնդրի պատճառը խնայողությունն է։

Պարզվում է՝ Գյումրու հանրային տրանսպորտից կարող են առանց խնդիրների օգտվել նաև հաշմանդամություն ունեցողները, մասնավորապես՝ անվասայլակով, հենակով ու քայլակով տեղաշարժվող քաղաքացիները։ Փոխքաղաքապետը նշում է՝ դրանք ամեն օր կան, ինչի հետ հենց այդ նույն անձինք համամիտ չեն։ Հատկապես սայլակով տեղաշարժվողները տեղյակ էլ չեն, որ իրենք կարող են սովորական տրանսպորտից օգտվել։ Նրանց հիմնական մասը տաքսիներով է երթևեկում։

«Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Անդրիասյանը հաստատում և հստակեցնում է՝ 2 միկրոավտոբուս կա նրանց համար թիվ 20 և 12 համարի երթուղային գծում։

Ինչո՞ւ դրանց հաշմանդամություն ունեցողները չեն հանդիպում՝ հարցին, Անդրիասյանն ասում է՝ գուցե թիվը քիչ է, դրա համար։

Ո՞ւր մնացին 2013 թվականին փուչիկներով Գյումրի եկած մանուշակագույն «HIGER» մակնիշի մեծ ավտոբուսները

Այդ ավտոբուսները (10 հատ) 2013-ին ձեռք էր բերել նույն «Նյու սիթի տրանս»-ընկերությունը: Ո՛չ փոխքաղաքապետը, ո՛չ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարը տեղյակ չեն, թե դրանք ինչպես են ձեռք բերվել, քաղաքապետարանն ունեցե՞լ է մասնակցություն, թե՞ ոչ։

Սուրեն Ջանոյանն ու Ռոբերտ Անդրիասյանը նույն հիմնավորումն ունեն այս հարցում, ասում են՝ այդ տարիներին իրենք քաղաքապետարանում չեն աշխատել, տեղյակ չեն։ Փոխքաղաքապետն ընդամենը գիտի, որ դրանք սեփական ավտոբուսներ են և ուղղակի կանգնած են ինչ-որ տեղ։

Կիսվել սոց․ ցանցերում