Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտпւքի․ իրավապահները կանխել են «վենդետшն», կան վիրшվորներ

Ապրիլի 30-ին Մասիս քաղաքում օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը (վենդետան)։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենան արագ վարելու պատճառով վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը պատրաստվում են շարունակել, ծեծկռտուքի հետևանքով էլ կան վիրավորներ։

Ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի և ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները։

Մինչ նրանց ժամանումը դեպքի վայրի՝ 11/1 հասցեի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկաններն ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Խ․ Ֆերոյանը և նրա որդին՝ 28-ամյա Ա․ Ֆերոյանը, ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն են արել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Արկադի Ա․-ին, ինչն էլ վերջինս ցավագին է ընդունել։ Նա այդ մասին հայտնել է հորը՝ 42-ամյա Արսեն Արսենյանին, ու որոշ ժամանակ անց հայր ու որդի Արսենյանները իրենց մի քանի ընկերների հետ ժամանել են նշված վայր, ապա խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ու հայհոյանք հնչեցրել, ապա իրենց մոտ եղած փայտե մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի Ֆերոյաններին, որոնք  մարմնական վնասվածքներ են ստացել, ապա՝ դիմել են փախուստի։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ արդեն հիվանդանոց տեղափոխվածների մեծ թվով հարազատներ պատրաստ են եղել հաշվեհարդար տեսնելու այդ անձանց հետ, սակայն ոստիկաններն ու պարեկները կանխել են:

Ժամերի ընթացքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արսենյաններին և բերման ենթարկել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա է եղել արյուն։

Ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում