Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնել, այն կոչվում է «Նոր ուժ»:
Կուսակցության հիմնադիր համագումարն անցկացվեց մայիսի 1–ին Երևանում:
«Կուսակցությունը սոցիալ–դեմոկրատական ուղղվածություն ունի: Մենք, բնականաբար, համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն: Բացի այդ, մենք սահմաններ չենք դնելու՝ համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը և չեն փորձում ուղղակի իրենց քաղաքական, կուսակցական շահերի համար երկրի ապագան խեղաթյուրել»,– լրագրողների հետ զրույցում ասաց Մարությանը:
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք համգործակցել ու չենք համագործակցելու»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ, նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը։
Հարցն՝ ովքե՞ր են այդ քաղաքական ուժերը՝ ՀՀԿ, Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, ՀՅԴ-ն, նա պատասխանեց. «Ով որ եղել է իշխանության, ով ապացուցել է իր իշխանության օրոք, որ ինքն ընդհանրապես չի մտածում պետության մասին, կամ մտածում է 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղում, ավելի շատ մտածում է իր, իր թիմի հարստացման մասին, մենք այդ մարդկանց հետ ճանապարհ չունենք գնալու»։
Նա նշել է, որ չի համագործակցի և չի միանա նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։
«Իրենք ստեղծել են համակարգ, որը քանդել է մեր պետությունը: Իրենք եղել են դրա ակունքներում, իրենք չեն կարող փոխվել»: