Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Իլհամ Ալիեւը մայիսի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչեւին եւ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու համերկրացիների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին: Մոսկվայում Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ՝ գրեթե մեկ աշխատանքային օր տեւած բանակցություններից հետո եթե ռուսաստանյան պաշտոնյաների Բաքու այցի անհրաժեշտություն կար, ապա, ըստ տրամաբանության, դա պետք է իրականացվեր կառավարության ներկայացուցիչների մակարդակով, որպեսզի գործնական տեսքի բերվեին առեւտրա-տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերի շուրջ նախագահների ձեռք բերած սկզբունքային համաձայնությունները:
Մոսկովյան «դեսանտի» կարգավիճակը, մանավանդ Դաշնային ժողովի Վերին պալատի պրոֆիլային կոմիտեի ներկայությունը եւ հանգամանքը, որ նրանք ուղղակի հանդիպում են «պահանջել» Ալիեւից, վկայում են, որ Կոսաչեւ-Կալաշնիկով «դուետը» բացառապես քաղաքական առաքելություն ունի: Ընդ որում, նրանք Բաքու են գործուղվել երկու կարեւոր իրադարձությունների ֆոնին: Առաջինն, անկասկած, Ալմաթիում հայ-ադրբեջանական նախարարական հանդիպման համաձայնությունն է, բայց մանավանդ՝ այդ առթիվ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, որ, կարծես, որոշակիորեն «սահմանում է հայ-ադրբեջանական կարգավորման եւ սահմանազատման իրավական հիմքը»՝ շեշտադրելով Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրի պատմականությունը:
