Գործն արդեն դատարանում է, գործի շրջանակներում 11 դրվագ է բացահայտվել:
Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ մանրամասներ հայտնելով նախորդ տարվա օգոստոսին համացանցում տարածված և մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութի վերաբերյալ, որտեղ կինը բռնության էր ենթարկում անչափահաս դստերը։
Դատախազը տեղեկացրել է, որ գործի վերաբերյալ հատուկ տեղեկատվություն չի զետեղվել գլխավոր դատախազության կայքում, քանի որ այդ երեխաները մեծանալու են և ապրելու են հասարակության մեջ։
«Ուզում ենք, որ այն մարդիկ, որոնք արել են այդ արարքը, պատժվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ գործից անջատված մաս կա, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին:
«Պետք է քննելու հասկանալ, թե ինչպես է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող անձը 11 ամիս շարունակ շահագործել հեռախոս կոնկրետ IP հասցեով, ինչպես է ունեցել էլեկտրոնային հարթակներին հասանելիություն։
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տարածվել էր տեսանյութ, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում նրան, ցուցաբերում ստորացուցիչ, նվաստացնող վերաբերմունք՝ մերկացնելով նրան ու թքելով երեխայի վրա: Կինը նաև բռնության տեսարանին էր ներգրավել 2 անչափահաս այլ աղջիկ երեխաների (ենթադրաբար՝ բռնության ենթարկված երեխայի քույրերին): Մոր դրդմամբ ու հորդորով աղջիկները թքում և միզում էին մյուս երեխայի վրա:
Անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով մանկական պոռնոգրաֆիա ստեղծած և իրացրած կինը՝ Ա. Արևշատյանը, կալանավորվել է:
