Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը դրա անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատելի աճ։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

Նա ընդգծել է, որ «կառույցի բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»։

«Ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է  մասնակից երկրների համար: Մասնակից երկրները դա գիտեն, և, ամենայն հավանականությամբ, այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այսօր սպասվում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը նախագահելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ այդ նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Կիսվել սոց․ ցանցերում