«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել գույքը պատմության մեջ ռեկորդային կորուստների ֆոնին

«Գազպրոմ»-ը սկսել է վաճառել իր ունեցվածքը՝ վերջին 25 տարվա ընթացքում առաջին վնասները և ամբողջ պատմության մեջ ռեկորդային կորուստները կրելուց հետո։ Ընկերությունը հայտարարել է, որ գնորդներ է փնտրում Մոսկվայում և Մոսկվայի մարզում խոշոր անշարժ գույքի համար: Դրանց թվում են գրասենյակային շենքերը Ստրոիտելի փողոցում, Imperial Park Hotel & Spa առողջարանային համալիրը Պերվոմայսկոյե բնակավայրում, ոչ բնակելի տարածքներ Նովոչերեմուշկինսկայա փողոցի տներից մեկի առաջին հարկում, ինչպես նաև 96 տեղանոց ավտոկայանատեղի Մոսկվայում ընկերության գլխավոր գրասենյակի մոտ, գրում է The Moscow Times-ը։ «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Գազպրոմ» խմբի ընկերությունների՝ Սանկտ Պետերբուրգ տեղափոխման ավարտը»,- պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունից։ Անցյալ տարի «Գազպրոմ»-ը կրել է 629 միլիարդ ռուբլու զուտ վնաս, հայտնել է եկամուտների 27 տոկոսի անկման և EBITDA-ի կրկնակի կրճատման մասին: Ընկերության գազային բիզնեսը, որը շահագործում է մոլորակի ամենամեծ պաշարները, դարձել է անշահավետ (տարեկան 1,2 տրիլիոն ռուբլով), իսկ «Գազպրոմ»-ի պարտքը հասել է ռեկորդային 6,65 տրիլիոն ռուբլու՝ գերազանցելով Ազգային բարեկեցության հիմնադրամի լիկվիդային մասի չափը՝ 5 տրիլիոն ռուբլին: Ուկրաինայի հարցում զիջումներ ձեռք բերելու անհաջող փորձից հետո հրաժարվելով գազ մատակարարել եվրոպական երկրներից շատերին՝ Կրեմլը զրկել է «Գազպրոմ»-ին իր հիմնական շուկայից, որի հետ ընկերությունը կապեր ուներ գրեթե կես դար։ Տարեվերջյան արդյունքներով՝ «Գազպրոմ»-ն արտահանել է ընդամենը 69 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 1985 թվականից ի վեր նվազագույն ծավալը։

Կիսվել սոց․ ցանցերում