Մշակութաբան Հրաչ Բայադյանը գրում է.
Հարգելի Լիլիթ, անեկդոտները հիմնականում ոչ միայն գավառական, այլև գռեհիկ են լինում, դա ժանրի առանձնահատկությունն է: Եվ ես չէի գրի այն ոչ թե գավառական լինելու պատճառով, այլ եթե իմանայի, որ ստիպված կլինեմ դրանից հետո այսքան երկար պարզաբանում անել: Կեսգիշերն անց էր և այդ անեկդոտը պետք է փոխարիներ իմ երկար-բարակ մեկնաբանությանը, բայց ստացվեց հակառակը՝ և անեկդոտ, և երկարաշունք պարզաբանում:
Ես որպես կանոն չեմ արձագանքում իմ գրառումների տակ արված նման մեկնաբանություններին, բայց բացառություն եմ անում իմ նախկին ուսանողի համար և իմ խոսքը կուղղեմ իմ բոլորր նախկին ուսանողներին, որ կարդում են իմ գրառումները: Նախորդ դարի 80-ականներից ի վեր ես տեսել եմ անհաշիվ հանրահավաքներ, երթեր, շարժումներ և այլն: Եվ անգամ երբ ինքս մասնակցել եմ դրանց (ինչպես, օրինակ, 2008-ի մարդի 1-ի ողբերգությանը նախորդած և հաջորդած բնավ ոչ խաղաղ իրադարձություններին, որի գլխավոր մեղավորն այսօր էլ ղեկավարում է շքերթը, երթը …), միշտ իմ մեջ նաստած է եղել կողքից դիտող հետազոտողը: Ուրեմն, ես խոսում եմ նաև որպես փորձառու հետազոտող, որը նկատում է բաներ, որ կարող են վրիպել ուրիշների ուշադրությունից:
Չեմ զարմանում, որ դու և բազմաթիվ ուրիշներ չեն տեսնում իրենց «Բագրատ» անունով առաջնորդի գավառականությունը (ես օգտագործում եմ նույն բառը, թեև կան ավելի տեղին ուրիշներ) և այլ՝ պակաս անմեղ «բարեմասնություններ»: Չեմ զարմանում, որ չեք տեսնում կամ անտեսում եք, թե ովքեր են կանգնած այդ մարդու հետևում, և խոսքը նաև Հայ առաքելական եկեղեցու վերնախավի մասին է: «Առաքելական» բառը փոխել է իմաստը, քանի որ նրանք այսօր բոլորովին ուրիշ առաքելություն են ստանձնել:
Երեկ երեկոյան, երբ դուք զվարճանում էիք Հանրապետության հրապարակում, հետազոտական ծրագրի իմ երեք ուսանողի հետ մենք անցկացնում էինք մեր հերթական սեմինարը: Այն սովորականից մի ժամ ավելի երկար տևեց, քանի որ հնարավոր չէր չխոսել ընթացիկ վիճակի մասին: Եվ հիմա ես կփորձեմ վերարտադրել այն, ինչ ասացի այդ ժամանակ իմ և իմ նախկին ուսանողների հարաբերության մասին՝ ենթադրելով, որ նրանցից շատերը մասնակցում են այդ հանրահավաքին և, ինչպես հետո իմացա, պահանջում վարչապետի հրաժարականը (իմիջիայլոց, ինչո՞ւ 1 ժամ + 15 րոպե ժամանակ այդ պահանջը կատարելու համար, ինչ է 5 րոպեն բավարա՞ր չէր – չէ՞ որ Մոսկվայից եկած հրամանները Հայաստանի ղեկավարները սովորաբար կատարում են ակնթարթորեն): Ես բնավ չեմ բացառում, որ իմ ուսանողները ինձնից՝ որպես դասխոսից, որպես մագիստրոսական ծրագրի ղեկավարից, որ միաժամանակ վարում էր մի քանի ծավալուն դասընթաց, ստացել են որոշակի գիտելիքներ տարբեր բաների մասին, դա հասկանալի է: Բայց ես բացառում են, որ նրանց վրա թողել եմ աշխարհայացքային ազդեցություն, որ փոխել եմ գոնե մի հոգու, ասենք, քաղաքական դիրքորոշումը: Չեմ փորձում բացատրել պատճառները, բայց իմ եզրակացությունը հստակ է, ես չունեմ այդպիսի ուսանող: Իմ առաջին մասնագիտության լեզվով ասած՝ այդպիսի ուսանողների բազմությունը դատարկ է: Այդ առումով իմ ոչ մի նախկին ուսանողից ես ոչինչ չեմ ակնկալում և նրանց հետ քննարկելու ոչինչ չունեմ:
